շնչելու և բնության հրաշալի տեսարաններով զվարճանալու։
Մի անգամ Դիմաքսյանը հանդիպեց Գայանեին։ Տիկինը յուր երկու փոքրիկ զավակների և դայակի հետ հասարակական ծառաստանումն էր։ Դիմաքսյանի հետ էին Մսերյանը և օրիորդ Կարինյանը։ Նա կամեցավ բարևել տիկնոջը և անցնել։ Բայց օրիորդը մոտեցավ Գայանեին, համբուրեց նրա երեխաներին։ Ուղեկիցները ստիպված եղան կանգ առնել:
Գայանեն հագած էր հասարակ չթյա ամառային զգեստ, որի մուգ կապույտ գույնը ավելի ակնհայտ էր կացուցանում նրա դեմքի գունատությունը։
Խումբը նստեց մի փայտյա նստարանի վրա։ Դայակը երեխաների հետ խաղում էր մի քանի քայլ հեռու, կանաչ խոտի մեջ։ Մեծ երեխան արդեն վազվզում էր, փոքրը հազիվ կարողանում էր յուր թույլ ոտիկների վրա կանգ առնել։ Գայանեն պատմեց օրիորդին, թե նրա ամուսինը բնակվում է քաղաքում և միայն շաբաթը կամ երկու շաբաթը մի անգամ գալիս է ամառանոց մի քանի օրով: Օրիորդի և տիկնոջ հարաբերությունը բավական բարեկամական էր։ Բացի հեռավոր ազգականուհիներ լինելուց, նրանք գիմնազիական ընկերուհիներ էին եղել։
Դիմաքսյանը Գայանեի խոսքերից բնազդումով զգաց, որ տիկինը աշխատում է ցույց տալ, թե յուր կյանքը անցնում է շատ ուրախ, երջանիկ։ Բայց նա կեղծիքը հասկանում էր և չէր կարող չհասկանալ։ Նա ծանոթ էր յուր նախկին ընկերոջ բնավորությանը, գիտեր, թե այժմ ինչ տեսակ կյանք է վարում տնից դուրս։ Ուստի երևակայում էր, թե որքան կարող էր երջանիկ լինել մի կնոջ կյանք, որ այդպիսի ամուսին ունե, եթե միայն այդ կինը կամ չափազանց հիմար կամ չափազանց դյուրահավան չէ։ Իսկ թե Գայանեն ոչ այս էր, ոչ այն, որ նա խելոք էր, զգայուն, որ նրան գոնե այժմ խաբելը դժվար էր — այդ շատ լավ գիտեր Դիմաքսյանը։
Նա սկսեց խղճալ տիկնոջը, բայց միևնույն ժամանակ, վրդովվել։ Թող նա կրե յուր անզգուշության և կուրության պատիժը։ Թող տեսնի, թե ում հետ կապեց յուր կյանքը հավիտյան, գերադասելով արտաքին փայլը և շուքը ներքին, հոգեկան արժանավորություններից։