Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/448

Այս էջը հաստատված է

ձայնը։ Զով եղանակ էր, թեթև անտառային զեփյուռը մեղմիկ սոսափում էր ծառերի ճյուղերը։ Գայանեն, արմունկը հենած պատշգամբի վանդակապատին, դիտում էր օգոստոսի պարզ երկնակամարը, պսպղում էին պայծառ աստղերը։ Վաղուց նրա թեյը սառել էր, բայց նա ձեռ չէր տալիս բաժակին։

— Վերջապես, պետք է խոսես, թե՞ չէ,— արտասանեց Բարաթյանր,— դու կարող ես մարդ խելագարեցնել։

— Ուզո՞ւմ եք, որ խոսեմ։

— Ոչ միայն ուզում եմ, այլ դա մի բնական պահանջ է։ Ամբողջ շաբաթը անտանելի շոգերում շան նման չարչարվում եմ, գալիս եմ այստեղ մի քիչ հանգստանալու և ի՞նչ եմ տեսնում, մի տխուր, թթված կերպարանք։ Մինչև ե՞րբ, ասա՛, մինչև ե՞րբ պետք է այդպես շարունակվի։

— Այո՛, մինչև ե՞րբ,— կրկնեց Գայանեն հանդարտ, կարծես, ինքն յուր հետ խոսելով։

— Ուրեմն դու դեռ մտադիր ես երկա՞ր շարունակել։ Ո՛չ, ի սեր աստծու, բավական է, մի՛ տանջիլ ոչ քեզ, ոչ էլ ինձ։

— Եթե իմ ձեռքիս լիներ այդ տանջանքից ձեզ ազատելը, աստծուն է հայտնի, կազատեի։ Բայց... չեմ կարող, ո՛չ, չեմ կարող, այն անմեղները...

Ձայնը դողալով, մատնեց նրան։ Սակայն նա կարողացավ զսպել իրան։ Մի քանի վայրկյան լռելուց հետո, ուղիղ նայեց ամուսնու երեսին և, թեթև հառաչելով, ասաց.

— Ես ձեզ համար մի սյուրպրիզ ունեմ։

Բարաթյանը աչքերը լայն բաց արեց։

— Ի՞նչ բան է այդ,— հարցրեց նա վախեցած։

Գայանեն հանդարտ վեր կացավ տեղից, անցավ յուր սենյակը։ Մի րոպե չանցած նա դուրս եկավ' մի փոքրիկ ծրար ձեռին։

— Ճակատագիրը ինքն է երբեմն մարդկանց մեծ զգուշությունով թաքցրած կեղտը պարզում,— ասաց նա,— բայց եթե այդ կինը այնքան խելոք լիներ, որքան դուք, այս բանը այստեղ չէր ուղարկիլ: Գիտեմ, վատ բան է արածս, հասցեն ձերն էր, իրավունք չունեի բաց անելու, բայց ի՞նչ արած, փաստ էիք պահանջում, ահա՛...