Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/45

Այս էջը հաստատված է

ձգեց դիմացի եկեղեցու արծաթափայլ գմբեթի վրա, ուր շողշողում էին մայր մտնող արևի վերջին ճառագայթները։

— Դու ինձ չե՞ս պատասխանում,— շարունակեց Ռուբենը, ավելի հետաքրքրված նայելով քրոջ երեսին։

Զվարթադեմ, ուրախ, գեթ արտաքուստ անհոգ օրիորդը անճանաչելի էր դարձել այդ րոպեին։ Նա ոչ միայն չպատասխանեց, այլև խույս էր տալիս եղբոր հայացքից։

— Երդվում եմ մեր ծնողների հիշատակով,— գոչեց Ռուբենը, նստելով նրա մոտ,— եթե դու չես հայտնիլ ինձ գաղտնիքդ, կվիրավորվեմ սաստիկ։

Մարիամը նայեց եղբորը, հազիվ զսպելով արտասուքը, որ ձգտում էր դուրս հոսել նրա խոշոր աչքերից։

— Ռուբեն,— խոսեց նա, վերջապես, վրդովված ձայնով,— երեք ամիս է դու ինձ անդադար հարցնում ես իմ դրության մասին։ Մինչև այժմ աշխատում էի լռել, ոչինչ չհայտնել քեզ։ Բայց այլևս անկարող եմ այժմ։ Ռուբեն, ինձ այս տանը հալածում են...

Մի վայրկյանում Ռուբենի աչքերը մթնեցին, գլուխը պտտեց, նրան պաշարեցին միմյանցից դառն, միմյանցից վատ կասկածներ։ Նրա քրոջը հալածում են, ո՞վ, ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի համար։

Մարիամը չկարողացավ նրա անկանոն հարցերին միանգամից պատասխանել։ Նա գանգատվեց միայն Նատալիայի վրա։ Ամեն քայլում այդ աղջիկը աշխատում է որևէ դառնություն պատճառել նրան, տեղի և անտեղի ծաղրում է, հնարում է նրա մասին զանազան պատմություններ, արտահայտում է զանազան անհամեստ կասկածներ։ Երբեք Նատալիան անկեղծ չէ եղել նրա հետ, երբեք պարզ սրտով չէ վարվել։ Երբ Մարիամը ուրախ է — Նատալիան տխրում է, երբ տխուր է — ուրախանում է, և միայն այն նպատակով, որ Մարիամին վշտացնի։ Կարծես, նա երդվել է ամեն տեսակ վատություն անել նրան։ Ինչո՞ւ,— չգիտե Մարիամը. նա՛, որ միշտ սիրով է վերաբերվել Նատալիային, ինչպես յուր մեծ քրոջը։

— Ախ, Ռուբեն,— շարունակեց Մարիամը, աչքերը սրբելով ,— այսօր նա չափից դուրս անսիրտ էր։ Դու տեսար, ինչպես նա ընդունեց ինձ, ինչպես սկսեց հետս խոսել, երկու