Այստեղ մի կողմից հանդարտ հոսում է Քուռը։ Մյուս կողմից սրընթաց վազում է մի փոքրիկ լեռնային գետակ, որ կրում է ամառանոցի անունը։ Գետը կլանում է գետակին հովտի կենտրոնում և գոյացնում երեք թերակղզիներ, որոնց վրա սփռված են հարուստ ու շքեղ ամառային կացարանները։
Արեգակը միայն միջօրեին մի քիչ ժամանակ նայում է հովիտի խորքը, այնուհետև ահռելի ժայռերը ամեն ինչ քողավորում են իրանց մութ ստվերներով։ Գետակը լեռների ծոցից քշում բերում է մի անընդհատ զով։ Եվ այդ զովն է, որ հալածում է ձորի մեջ տիրող բնական տոթը։ Շարժվում են հսկայական եղևնիների և մայր ծառերի գագաթները, խաղում են բազմատեսակ թփերի տերևները և օդը լեցնում բնության մշտական համերգով։
Գետակը հուսահատ կռվում է ժայռերից թավալված վիթխարի բեկորների հետ, և նրա հատակից լսվում են տարօրինակ մռնչյուններ, նման մարդկային հուսահատ գոռոցների։
Տեղ-տեղ այդ բեկորները գոյացնում են փոքրիկ ջրվեժներ, որոնք իրանց փրփուրներով հեռվից նմանվում են գետակի վրա սփռած սպիտակ սավանների։ Իսկ տեղ-տեղ նրանք գոյացնում են մանր կղզիներ, ուր առավոտից մինչև երեկո թռչկոտում են տեսակ-տեսակ թռչուններ։ Թանձր մացառներով ծածկված քարքարոտ ափերից տարածվում են աջ ու ձախ բազմաթիվ ուղիներ, որոնք տանում են դեպի անտառապատ լեռների բարձրությունը։ Տեսարանը ավելի ամփոփ և ավելի գեղեցիկ է երևում այդ լեռներից մեկի գագաթից դիտելիս։ Այստեղից բացվում է անթիվ ձորերի, կիրճերի և այրերի մի շարք։ Երևում են ուրիշ գետակներ և առվակներ, որոնց մակերևույթները մերթ ժպտում են արևի ճառագայթներից, մերթ մթնանում ծառերի և ժայռերի ստվերներից։ Նուրբ լսողությունը այստեղ կարող է զվարճանալ մի տարօրինակ և վերին աստիճանի դուրեկան երաժշտությունով, որ բաղկանում է ստորոտում հոսող ջրերի ձայներից, թռչունների կչկչոցներից և մեղմիկ հողմի շշնջյուններից։ Եվ այդ երաժշտությունը ավելի գերբնական է հնչում, ավելե ֆանտաստիկական թվում, երբ լսողի հայացքը թափառում է հեռավոր լեռների գագաթներով, ուր դարավոր ծառերը,