Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/451

Այս էջը հաստատված է

կարծես, պարզ և կապույտ երկնքի հորիզոնում դյութական սիլուետների պես պար են բռնում։ Միջօրեին մոտ արևի ջերմությունը անտառի ծառերի, թփերի ու ծաղիկների միջից դուրս է մղում պես-պես բուրմունքներ և նրանց անուշ խառնուրդով տոգորում լեռնային հստակ օդը։ Այդ միջոցին օդը փոքր-ինչ փոխում է յուր գույնը։ Երևում է նրա մեջ մի նուրբ արծաթագույն փոշի, որ թեթև գոլորշիի պես բարձրանում է դեպի վեր և երկնքի մուգ կապտությունը սքողում բարակ, թափանցիկ շղարշով։

Ինքը, ամառանոցը երևում է լեռների մեջ ամփոփված և ծառերի խտության մեջ թաղված։ Բանաստեղծական անկարգությամբ տեղավորված տների և տնակների կանաչ, կարմիր, մոխրագույն և սպիտակ կտուրները հազիվհազ նշմարվում են, ինչպես դալար խոտի մեջ հանգչող կրիաներ գույնզգույն կեղևներով։

Դիմաքսյանը երբեմն մենակ նստում էր մի մամռապատ ապառաժի վրա ու ժամերով դիտում շրջակայքը։ Այդ միջոցին նրա թախիծը չէր նմանվում սովորականին։ Նրա սիրտը լցվում էր զորավոր զգացումներով ու տարօրինակ ձգտումներով։ Նա նախանձում էր բնությանը, այո՛, նախանձում էր նրա գեղեցկությանը, նրա հարատև, գոյությանը, նրա անսահման ուժին և օրենքներին։ Հեռավոր լեռների վսեմ տեսքը, սրածայր ժայռերի սոսկալի կերպարանքը, ընթացող ջրի մշտականությունը, այդ բոլորը նրա սիրտը ճնշում էին և, միևնույն ժամանակ, բորբոքում։ Արյունը եռում էր երակների մեջ, և նա վրդովվում էր, թե ինչու բնության ստեղծագործության մեջ բանական արարածը, մարդը, չպիտի հարատև վայելի այդ բոլոր սքանչելիքները։ Ինչո՞ւ այդ գետակը, այդ անտառը, վերջապես, այդ անօգուտ ժայռի բեկորը ավելի պետք է շարունակի յուր գոյությունը, քան թե ինքը։ Ինչո՞ւ մարդ այնքան փոքրիկ է, այնքան աննշան, որ մատաղ ծառ, մի որևէ թուփ կարող է ծածկել նրան բնության այդ վիթխարի ուժի առջև։

Երեսուն ու մեկ տարեկան է, դարձյալ մի տասը տարի, և ահա ոտք կդնի ծերության առաջին շրջանը։ Այնուհետև արագ-արագ կսպառվեն նրա ուժերը, կսառչեն նրա