Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/452

Այս էջը հաստատված է

զգացումները, և հետո, մի օր, մի սարսափելի օր, նա այչևս չկա։ Բայց ի՞նչ է արել մինչև այժմ, և մի՞թե նա պետք է չքանա առանց մի խոշոր հետք թողնելու յուր հետևից...

Կեսօր էր։ Նա արմունկը հենած կանաչ գետնին, գլուխը ձեոի ափի մեջ պահած, դիտում էր թփերի մեջ թռչկոտող ինչ-որ խայտաբղետ թռչնիկների խաղը։ Հանկարծ նրա առջև նկարվեց մի մարդկային մարմնի շվաք։

Նա հետ նայեց։ Մսերյանը կանգնած էր նրա գլխի մոտ գունաթափ դեմքով, վհատված աչքերով, տրտում և միանգամայն անճանաչելի։

— Անպատճառ մի դժբախտություն է պատահել,— գոչեց Դիմաքսյանը, գլուխը բարձրացնելով։

Մսերյանը ձեռքով մի հուսահատ շարժում գործեց և, ուժասպառ ընկղմվելով կանաչ խոտի մեջ, թույլ և ընկճված ձայնով պատասխանեց.

— Երկու ժամ է քեզ փնտրում եմ։

— Նստիր և հանգստացիր, երեսիդ գույն չկա, դողում ես։

— Դողո՛ւմ եմ. լա՛վ, դողում եմ, ի՞նչ ես ուզում ինձանից,— գոչեց Մսերյանը բարկանալով,— տեսնում ես, որ չորացած, կուչ եկած տերևի եմ նմանվում։ Բայց ե՞րբ եմ ասել, թե ուզում եմ մրցել ուրիշների հետ, այն էլ իմ սիրած ընկերոջ հետ։ Ախ, Արսեն, եթե իմանայիր որքան ինքս իմ դեմ վրդովված եմ, որքան ինքս իմ աչքում խղճալի։ Այո՛, այո՛, խղճալի եմ, և ի՞նչ կսազեր ինձ այս հասակումս խելքից զրկվել...

Արդեն Դիմաքսյանը մասամբ գուշակում էր, թե ինչ է պատահել։ Անցան մի քանի րոպեներ, Մսերյանը փոքր-ինչ հանդարտվեց և սկսեց եղելությունը պատմել։ Միթե Դիմաքսյանը չգիտե՞ր նրա ամառանոց գնալու շարժառիթը։

— Ուրեմն մի՛ ստիպիլ ինձ կարմրել, մանրամասնությունները պատմելով։ Ես կասեմ այն, ինչ որ միայն այսօր անցավ իմ գլխով։

Բժիշկ Սալամբեկյանի երևալը զարթեցրեց նրա մեջ մի անտանելի նախանձ։ Նա այլևս չկարողացավ դիմանալ սրտի