երբ կրկին նայեց ընկերոջը, արդեն բավական հանգիստ էր նրա դեմքը։
— Սմբատ,— խոսեց, վերջապես, Դիմաքսյանը — մի՞թե դու ինձանից թույլ ես, որ այդպես հուսահատվում ես։ Ճշմարիտ է, քոնը ավելի ցավալի է, որովհետև դու բացարձակ հայտնեցիր քո սերը և բացարձակ էլ մերժում ստացար: Բայց մտածիր, որ Կարինյանը քո ընկերոջը, այն էլ լավ ընկերոջը, ընտրեց, իսկ Գայանեն իմ թշնամու, այն էլ վատ թշնամու կինը դարձավ։ Գոնե այսքանը թող քեզ մխիթարի։
— Ընկե՛ր,— կրկնեց Մսերյանը հեգնորեն,— ո՞րն է զորեղ, ընկերական սերը, թե՞ սերը դեպի կինը։ Համոզվա՞ծ ես արդյոք, որ քո և Բարաթյանի թշնամության գլխավոր հիմքը Գայանեն չէ...
Այս խոսքերի մեջ կար մի փոքր ճշմարտության։ Դիմաքսյանը զգաց, որ լոկ համոզմունքների տարբերությունը գուցե այնքան սուր կերպարանք չտար նրանց թշնամությանը, եթե մեջտեղ չլիներ Գայանեն։
— Ուրեմն,— շարունակեց Մսերյանը,— մի՛ զարմանալ, եթե ասեմ, որ ես այլևս այստեղ չեմ կարող մնալ և նրա երեսը տեսնել։
Եվ նա, անմիջապես ձեռը թույլ կերպով մեկնելով Դիմաքսյանին, ավելացրեց.
— Երևի՛, դու դեռ կմնաս այստեղ։
— Իսկ դու։
— Գնում եմ։
— Ո՞ւր։
— Չգիտեմ, միայն այստեղից պետք է հեռանամ հենց այսօր, հենց այս ժամին։
Նա ձեռքով մի տխուր, հուսահատ շարժում գործեց և քայլերը արագացրեց։ Երկու ժամ անցած նա ուղևորվեց ամառանոցից, չնայելով ընկերոջ թախանձանքին՝ գեթ մի քանի օր էլ սպասել։
Մնալով միայնակ, Դիմաքսյանը սկսեց ավելի տխրել։ Նա ցավակցում էր Մսերյանին անչափ, բայց, միևնույն ժամանակ, ընկերոջ դժբախտության մեջ զգում էր մի տեսակ