Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/458

Այս էջը հաստատված է

Դիմաքսյանը մոտեցավ նրան գդակը ձեռին և ջերմ հարգանքով սեղմեց նրա աջը։ Այլևս Գայանեն ճիգ չէր անում յուր տխրությունը թաքցնելու։ Նրա խոհուն ճակատի վրա որոշ գծագրված էր այն տառապանքը, որ տիրել էր նրա հոգուն։ Դիմաքսյանը շտապեց հարցնել նրա առողջության մասին և իսկույն խոսքը դարձրեց այնպիսի նյութերի վրա, որոնց մասին առիթ էր որոնում խոսելու։ Նա տեսավ, որ տիկինը խույս չէ տալիս խոսակցությունից, այլ ընդհակառակը, տրամադիր է երկար խոսելու։

— Ես ամեն օր պատահում եմ ձեր երեխաներին, ինչքան նման են նրանք ձեզ։ Սովորած լինելով նրանց միշտ իրանց մոր հետ տեսնել, ցավում էի մենակ տեսնելով։

— Դուք առհասարակ երեխաներ սիրո՞ւմ եք,— հարցրեց տիկինը։

— Միթե կարելի՞ է չսիրել անմեղությունը։

Տիկինը անփույթ կերպով նստեց առաջին պատահած նստարանի վրա։ Դիմաքսյանը կանգնեց նրա դեմ, շարունակելով.

— Մարդկային էակներն արժանի են սիրո, քանի որ փոքրիկ են։

— Քանի որ փոքրիկ են, իսկ հետո՞։

— Հետո, պետք է խղճալ նրանց։

— Ինչո՞ւ։

— Որովհետև ապագայում կյանքը այնքան աղավաղում է նրանց, որ միայն խղճալու են արժանի։

Գայանեն, որ սովոր էր միշտ յուր ամուսնուց լսել կիսահեգնական և կատականման խոսակցություն նույնիսկ ամենալուրջ նյութերի մասին, մի տեսակ թարմություն զգաց, խոսակցելով մի մարդու հետ, որի ուղեղը ընդհակառակը միշտ լուրջ է տրամադրված։

— Միթե ձեր կարծիքով կյանքը ամենքի՞ն է աղավաղում,— հարցրեց նա։

— Անկասկած, քանի որ մարդը չի կարող միշտ երեխա մնալ։ Այստեղ խնդիրը վերաբերվում է կրթությանը և կյանքի ազդեցությանը։ Կրթության այն եղանակը, որ տիրում է մեր դպրոցներում, ավելի աղավաղում է, քան կրթում