թույլ չի տալիս, չէ՞ որ մենք սարսափում ենք նրա միակողմանի դատաստանից։
— Այդ չէ միայն, այդ չէ,— կրկնեց Գայանեն, հովանիի ծայրը մի քանի անգամ թեթևակի խփելով գետնին,— կան բաներ, որոնց մասին մարդ չի կարող անկեղծ լինել, եթե նա չի կամենում հիմարի անուն ստանալ։
— Այո՛, այն մարդկանցից, որոնք անկեղծությունը հիմարությունից ջոկել չգիտեն։ Եթե ես համոզված եմ մեկի խելքին և ազնվությանը, եթե ես հավատացած եմ, որ այդ մարդը երբեք ի չարը չի գործ դնիլ իմ հավատարմությունը, միշտ կարող եմ նրա հետ պարզախոս լինել։
Նա կանգ առավ։ Նա զգաց, որ շատ է հափշտակվում շատ է հեռու գնում։ Նա կարծեց, որ մինչև անգամ վիրավորեց տիկնոջը։ Բայց նայեց նրա երեսին և այնտեղ նկատեց մի ներողամիտ և, միևնույն ժամանակ, մի քաջալերական հայացք։ Այդ հայացքը, կարծես, ասում էր. «Ես հավատում եմ, որ դուք և՛ խելոք եք, և՛ ազնիվ, կարող եք և՛ հավատարիմ լինել, բայց մի պահանջեք ինձանից անկարելի անկեղծություն։ Մի պահանջե՛ք, որովհետև ես կին եմ, դուք տղամարդ, որովհետև դուք օտար եք ինձ համար և որովհետև դուք իմ ամուսնու թշնամին եք»։
Նա արագությամբ ոտքի կանգնեց։ Նա կորցրեց յուր բռնի սառնության վերջին կաթիլը։ Դողդողուն ձայնով և շնչասպառ արտասանվեց.
— Թող որքան կամենում են թաքցնեն, բայց ես մարդկանց աչքերի մեջ կարդում եմ նրանց հոգին, նրանց սրտի վիճակը, նրանց դժբախտությունը...
Եվ մի վայրկյան շունչ առնելուց հետո, ավելի հափշտակված ավելացրեց.
— Իմ գաղափարները իմ սրբություններն են, երդվում եմ նրանցով, որ իմ սրտում կա միայն ցավակցություն, անկեղծ բարեկամական ցավակցություն։ Տիկին, ես սուտ կասեի, բայց չգիտեմ սուտ ասել, ես կկեղծեի, բայց վարպետ չեմ կեղծելում. ահա ինչն է ստիպում ինձ ձեր երեսին ասել այն, ինչ որ ուրիշները կթաքցնեին...
Այս խոսքերը նա մի այնպիսի ներշնչված հոգով էր