ոչ ոքի, ոչ նույնիսկ Օվսաննային, որին, բնազդումով թե գիտակցաբար, օտար էին համարում։ Բայց հաճախ երկու քույրերը միմյանց հաղորդում էին իրանց տպավորությունները։ Երկուսն էլ խղճում էին իրանց մորը, զգալով, որ տանջվում է։ Բայց չէին ատում և՛ իրանց հորը, քանի որ չգիտեին ո՛րն է արդարը և որը մեղավորը, որի՛ն պետք է պաշտպանել և որին ատել։
Այնինչ՝ Օվսաննան մասամբ գուշակում էր ընտանեկան խռովության բուն պատճառը։ Նա հասկանում էր, որ յուր բարեսիրտ քեռիին այդ աստիճան գազանացնողը խանդն է։ Բայց թե ո՞վ է այդ խանդի առիթը, ում վրա է ծերունու կասկածը, այդ չգիտեր և, հարկավ, չէր էլ կարող իմանալ։ Ահա ինչու նա բոլոր տեսած ու լսածները միամտաբար պատմում էր Գայանեին։
Մի օր գունատված եկավ քրոջ մոտ և ներս մտավ թե չէ, շնչասպառ հայտնեց, թե Պյոտր Սոլոմոնիչը ծեծել է Աննային։ Գայանեն հարցրեց մանրամասն, և օրիորդը միայն այսքանը կարողացավ պատմել, որ ինքը մյուս սենյակից դռների հետևից տեսավ, թե ինչպես մարդ ու կին կռվում էին ննջարանում։ Աննան հայտնի չէր ինչ ասաց, Պյոտր Սոլոմոնիչը բռունցքով խփեց նրա կրծքին և գցեց անկողնակալի վրա:
— Ա՜խ, Գայանե, այնպես վախենում եմ, այնպես վախենում եմ, որ չգիտեմ ինչ անեմ,— ավելացրեց Օվսաննան հուզված։— Ես վաղուց կտեղափոխվեի քեզ մոտ, բայց չեմ ուզում նրանց առանձին թողնել, իսկ ամենից ավելի երեխաներին եմ խղճում։
Արդարև, բուռն նախանձի և կատաղության վայրկյանին ծերունին առաջին անգամ ձեռք բարձրացրեց կնոջ վրա։ Այդ հարվածը կտրեց Աննայի վերջին հույսը, թե երբևէ Պյոտր Սոլոմոնիչը կխաղաղվի։
Նա ամեն ինչ ավարտված համարեց։
Ի՞նչ ելք գտներ վերջ տալու յուր անտանելի վիճակին։ Բաժանվե՞լ։ — Ո՞ւր գնալ: Այս միտքը շղթայում էր ապահով ապրուստի սովոր տիկնոջը։ Ինքնասպանությո՞ւն գործել։ — Նա այդքան քաջություն չունե։ Մեռնել մի ծերունու