Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/472

Այս էջը հաստատված է

Պյոտր Սոլոմոնիչը դարձյալ մերժեց, բայց այս անգամ միանգամայն վախեցավ Ամբակումի վերջին նկատողությունից։ Նա կամենում էր հյուրը շուտով հեռանա, որ ինքը լավ դիտե իրան հայելու մեջ — ճշմարի՞տ է, որ նա այնքան մաշվել է։

Աա՜, սուտ չեն ասում, որքան նա փոխվե՜լ է։ Նա ոչ միայն նիհարել է, ծերացել, այլև բոլորովին այլանդակվել է:

Այդ օրից նա էլ յուր կնոջ պես ստեպ-ստեպ դիտում էր յուր կերպարանքը։ Մի անգամ կեսգիշերին, երկար խալաթը հագին, թավամազ կուրծքը կիսով չափ բաց, նա մոտեցավ հայելուն և հանկարծ սարսափած հետ կանգնեց։ Մարդկային դեմքի փոխարեն հայելին ներկայացնում էր խոզի դունչի պես մի բան, աչքերը սեղմված, ծնոտը երկարացած, ականջները սրածայր։ Նա կարծեց, որ իրավ ինքը խոզ է դարձել։ Նա մինչև անգամ փորձեց քթի տակ խորթալ կամացուկ։ Հետո ուշքի եկավ, նայեց շուրջը։ Բարեբախտաբար, սենյակում ոչ ոք չկար։ Նա ծիծաղեց... Նույն տարօրինակ, նույն անբնական ծիծաղը։

Հետևյալ օրը, կեսօրվա դեմ, նա տանից դուրս եկավ, առաջին անգամ մի ամսվա փակ կյանքից հետո: Որովհետև այլևս լրագիրներ չէր կարդում, ուստի չգիտեր քաղաքում ինչ է կատարվում։ Ծանոթներից նա լսեց, որ ընտրությունները վերջացել են, ինքը սևացել է, իսկ Ամբակում Աֆանասևիչը, Բարաթյանը և Վեքիլյանը դարձյալ ընտրվել են։

Լուրը նրա վրա ոչինչ տպավորություն չգործեց, նրա անշարժ դեմքի մկանունքներից մեկն անգամ չշարժվեց: Այժմ նրա գլխում ու սրտում տեղ չկար ուրիշ գործի համար, բացի մի գաղափարից, թե նա խաբված ու ամոթի դատապարտված մի ամուսին է, թե ամենքը նրա մասին են խոսում, թե նրան խղճում են, արհամարհում, թե նրա պատվավոր անունը հավիտյան թաղված է սև հողի մեջ, ինչպես մի աննամուս մարդու անուն։ Նա մտիկ էր անում պատահող ծանոթներին և անծանոթներին և, կարծես, սպասում էր, թե ահա մեկը անպատճառ նրա երեսին կշպրտի՝ «կինդ անառակ է»։

Նա միայն երկու ժամ կարողացավ դրսում մնալ: Հետո շտապեց տուն։ Նա գնում էր այնպես արագ, որ, կարծես,