Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/473

Այս էջը հաստատված է

տանը թողել էր մի սիրելի հիվանդ, որին շուտափույթ օգնություն էր հարկավոր։ Մարդկանց հայացքները այրում էին նրան. նա ամաչում էր պատերից անգամ և դնում էր գլուխը կրծքին թեքած։

Մի անգամ նա վեր բարձրացրեց այդ հոգնած, ծանրացած, զառամյալ գլուխը։ Հանկարծ նրա թմրած աչքերը վառվեցին, քունքերի մեջ զգաց մի տարօրինակ տաքություն։ Նա քայլերը դանդաղեցրեց։

Դեմուդեմ գալիս էր նա, որին աշնան սկզբից չէր տեսել։ Կարծես, մի չար, աներևույթ ուժ իսկույն ստեղծեց այդ հանդիպումը, որպեսզի ավելի փութացնի ծերունու անկումը։

Ինչպես միշտ, այժմ էլ Բարաթյանը ընթանում էր գլուխը բարձր պահած, կուրծքը դուրս ցցած, անհոգ, զվարթ։ Մոտենալով Պյոտր Սոլոմոնիչին, նա գդակը բարձրացրեց վեր և գլուխը խոնարհեցվեց ինչպես մի հարգելի ազգականի, մի պատկառելի ծերունու, վաղուցվա բարեկամի առաջ։

Ծերունին նրա ճանապարհը կտրեց, կանգ առավ և, մի վայրկյան ատամները կրճտելով, արտասանեց.

«Ավազա՛կ…»։

Բարաթյանը շտապեց մայթից իջնել փողոց և նայեց շուրջը։ Նա հառաչեց, երբ հավաստիացավ, թե ոչ ոք չկար, որ լսեր այդ անարգանքը։ Հետո նա անվրդով շտապեց հեռանալ։

Պյոտր Սոլոմոնիչը մոտեցավ յուր տանը, որ ընդամենը քսան-երեսուն քայլ հեռու էր հանդիպման տեղից։ Նա մատը սեղմեց դռների զանգակի կոճակին։ Ծառան դուրս եկավ։ Ծերունին ձեռը հանկարծ տարավ ճակատին, աա՛, չլինի, թե «նա» այստեղից դուրս եկավ։ Նույն վայրկյանին նրա արյունը խփեց քունքերին, աչքերը պղտորվեցին, գլուխը պտտեց։ Նա ոչինչ չէր տեսնում, բացի չորս ատելի, զազրելի թևերից, որ գրկում էին միմյանց և ոտնատակ անում նրա պատիվը…

Նա ձեռը տարավ շապկի օձիքին և թուլացած ընկավ ծառայի թևերի վրա։ Հարկավոր եղավ խոհարարին և նրա օգնականին էլ կանչել, որպեսզի ուժասպառ և գրեթե