կորչել մի ինչ-որ երեխայական հիմար մոլորության պատճառով։
— Ճշմարիտ է, ես ամաչում եմ իմ զգացմունքից, որովհետև ի՞նչ կսազեր ինձ հափշտակվել այս հասակում, բայց մյուս կողմից շատ ուրախ եմ, որ այդ բանն ինձ պատահեց։ Ես թմրած էի, կենդանություն ստացա։ Այժմ ուզում եմ օգտվել իմ մեջ զարթնած եռանդից, այս կենսական ջերմությունից, և գործ դնել նրան մի որևէ նպատակի համար։
Նա վեր կացավ, կանգնեց լուսամուտի առջև և, ձեռը տարածելով դեպի դուրս, շարունակեց.
— Տեսնո՞ւմ ես այն հեռավոր լեռները, այն անտառները, այնտեղ էլ ապրում են քեզ և ինձ նման էակներ։ Նրանք էլ մարդիկ են, բայց նրանց զբաղեցնում են ուրիշ հոգսեր։ Մենք ուզում ենք հոգեկան հանգստություն, իսկ նրանք տառապում են տգիտության խավարի մեջ։ Լուսավորել նրանց միտքը, բաց անել նրանց առաջ քաղաքակրթության առաջին շավիղը — ահա ինչ է պահանջում մեզանից մեր ստացած ուսումը։
Նա խոսում էր այնպես հափշտակված և այնպիսի դրական եղանակով, որ կասկածել չէր կարելի, թե նա յուր ասածը պատրաստ է իսկույն կատարել։ Նա շարունակեց նույն ոգևորությամբ։ Վաղն ևեթ նա կգնա թեմական տեսչի մոտ, կխնդրի նրանից գյուղական վարժապետի պաշտոն։ Նա կընտրի մի ամենախուլ անկյուն, ուր ժողովուրդն ավելի կարոտություն ունե և ուր չեն համաձայնվում ուրիշները գնալ։ Ձմեռը նա կպարապվի դասատվությունով, գարնանը և ամառը երկրագործությունով։ Նա կվարի, կցանի, ամեն բան կանի, միայն թե օգտավետ լինի հասարակ ամբոխին և յուր կյանքն ապարդյուն չանցկացնի, ինչպես անց է կացրել մինչև այսօր։
Այսպես էր խոսում նա Դիմաքսյանի ներկայությամբ։ Իսկ երբ վերջինը հեռացավ, նա պառկեց երեսն ի վեր անկողնու վրա և սկսեց խորհել արդյոք կարո՞ղ էր յուր ասածը կատարել։ Ահա հենց այդ հարցը միայն նրան հոգնեցնում էր և մինչև անգամ վախեցնում։ Նա երևակայում էր, թե ինչպես գյուղական կոշտ ու կոպիտ պատանիներին այբուբեն է սովորեցնում, իսկ դասերից հետո հասակավոր