Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/481

Այս էջը հաստատված է

lll


Այն օրից, երբ Գայանեն յուր ամուսնու հետ ամառանոցում վերջին ընդհարումը ունեցավ, նրանց ընտանեկան հարաբերությունը անպայման խախտվեց։ Ամիսներ անցան, և կինը չէր հաշտվում, նույնիսկ չէր ուզում խոսել յուր մարդու հետ։

Այս համառ խռովությունը Բարաթյանի համար անտանելի էր։ Նրա ուրախ ու զվարթ բնավորությունը չէր սիրում ընտանեկան լարված հարաբերություն։ Նա կամենում էր ինչպես և է հաշտվել Գայանեի հետ, որպեսզի մի կերպ վերականգնի յուր հոգեկան անդորրությունը։ Նա պնդում էր, թե հասարակական մարդու համար այդ անդորրությունը անհրաժեշտ է։ Առանց այդ էլ նա դրսում բարոյապես շատ է հուզվում, հոգնում, տանը պետք է հանգստություն վայելե։ Նա խնդրում էր Գայանեին մոռանալ նրա «մանր սխալները»։ Նա հավատացնում էր, որ չնայելով այդ «մանր սխալներին», դարձյալ սիրում է Գայանեին։ Այս դեպքում նա չէր կեղծում։ Եվ յուր սերը արտահայտելու համար չէր խնայում ոչ մի փաղաքշանք։ Նա գործ էր դնում յուր բոլոր սրախոսությունները և հրապույրները։ Երբ տեսավ, որ սովորական փաղաքշանքները չեն ազդում, իրան ձևացրեց մի տեսակ հեզ նահատակ։ Ա՛խ, ինչպես նա տանջվում է մի անհաշտ, քմահաճ և կամակոր կնոջ ձեռքում։ Իսկ երբ տեսավ, որ այդ էլ չի օգնում, վճռեց ասել Գայանեին այն, ինչ որ վաղուց զգում էր։ Նախ կատակով, ապա լրջորեն հայտնեց, թե նախանձը կամ կասկածները չեն Գայանեի անհաշտության պատճառը, այլ այն սառնությունը, որ ամեն մի կին սովորաբար զգում է դեպի յուր մարդը ամուսնական առաջին տարիները անցնելուց հետո։

— Ճիշտ պատճառը հենց այս է։ Ես ձեզ համար շատ հասարակ մարդ եմ — ահա ինչ։ Դուք հույս ունեիք իմ մեջ գտնել մի գաղափարի հերոս, մի արտաքո կարգի մարդ, չգտաք և հիասթափվեցիք։ Այժմ ձեզ հետաքրքրում են ուրիշները, դա շատ սովորական բան է։

Պյոտր Սոլոմոնիչին պատահած դժբախտությունը մի