քանի օր Բարաթյանին ստիպեց լռել և մինչև անգամ տխրություն պատճառեց նրան։ Հարկավ, նա ոչ ոքի չէր կարող հայտնել այն վիրավորանքը, որ ծերունին, հասցրեց նրան փողոցում։ Նա ուրախ էր, որ ոչ ոք այդ չգիտե։ Բայց առանձնության մեջ նա ինքն իրան դատապարտում էր և, միևնույն ժամանակ, յուր վարմունքը աշխատում էր արդարացնել ուրիշների համանման օրինակներով։ Ինչո՞վ է մեղավոր, որ մի գեղեցիկ կին օգտվեց նրա թուլությունից։ Ո՛ր տղամարդը կարող էր դիմանալ այն հրապույրին, որ մոլորեցրեց նրան։ Վերջապես, ինչով է տարբերվում նրա արածը մյուս հարյուրավոր, հազարավոր ամուսինների արածից։ Մի՞թե միայն մի բանով... Որ նրա խղճի առջև կանգնած է մի պատկառելի ծերունու, մի ազգականի, այո՛, յուր պաշտպանի և հովանավորի պատկե՞րը։ Հի՛ի, ի՛նչ հիմարություն, ի՛նչ նախապաշարմունք։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ հենց այդ ծերունին յուր հարյուրավոր «նույնանման» մեղքերի պատիժը չի քաշում այսօր։ Ի՞նչ անենք, որ այդ պատիժը կատարվեց Բարաթյանի և ոչ մի ուրիշի ձեռքով։
Այս դատողությունները սառն ջուր սրսկեցին նրա փոքր-ինչ տաքացած խղճի վրա։ Նա հանգստացավ։
Այդ միջոցին նա նուրբ հոտառությամբ զգաց, որ յուր կնոջ մասին վատ լուրեր են պտտում։ Սկզբում նա կատաղեց, հարվածը անսպասելի էր։ Բայց շուտով սառն դատողությունը դարձյալ օգնության հասավ: Նա մտածեց, որ պետք է զգույշ վարվել, և յուր վիրավորանքը խոհեմաբար թաքցրեց ամենքից։ Նա ձևացրեց իրան այնպես, իբրև թե ոչինչ չի լսել, ոչինչ չի զգում և հասկանում։ Նրան հայտնի էր, որ Գայանեն հարգում է Դիմաքսյանին, ինչպես և գիտեր, որ Դիմաքսյանի սրտում դեռ վառ է գաղտնի պահած նախկին սերը։ Բայց այսքանը բավական չէր Գայանեի մասին որևէ վատ կասկած ունենալու։ Նա անպայման համոզված էր, որ յուր կինը մաքուր է, ինչպես լեռնային նորեկ ձյուն։ Եվ ոչ մի զրպարտություն, ոչ մի չարախոսություն չի կարող ստվեր ձգել նրա ընտանեկան անարատ պատվի վրա։
Այնինչ՝ մյուս կողմից ամոթի և վրեժխնդրության զգացումը ներսից կրծում էր նրա սիրտը։ Նա այնքան մեծ