Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/485

Այս էջը հաստատված է

պլեդով ծածկած, ձեռները գլխատակին դրած։ Հինավուրց ծառայի ձեռքով անդամալույծը ներս էր մղվում յուր շարժական կացարանի հետ, ինչպես մի ահագին կրիա յուր կեղևի մեջ։ Նա քթի տակ ցածր ձայնով երգում էր, կարծես, ինքն յուր համար օրոր ասելով։

— Uը պռավա, դուռռակ, ղեկավարում էր նա ծառային երբեմն,— սը զա՛ դի, բալբես, պրավո՛րնո, օսյո՛լ, ոտ տա՛կ, տեպեր տաշչի՛... հոլաա՛...

Գայանեն հետ քաշվեց, որ հանդիսավոր գնացքին ճամփա տա։

— Պա՛պա, ինչ գործ ունեք այստեղ,— ասաց Բարաթյանը կես-հարգանքով և կես-վրդովված։

— Մոլչա՛յտ. օգնիր ինձ ներս մտնելու։

Որդին բռնեց բազկաթոռի կողքից և քաշեց սենյակի մեջտեղը։

— Տեպե՛ր օտվա՛լիվայ,— հրամայեց ծերունին ծառային,— որ և իսկույն դուրս եկավ։— Հիմա կասեմ, ինչ գործ ունիմ այստեղ։ Նստեցե՛ք։ Օ՜օ, ի՞նչպես ցավում է անպիտանը։ Իսա՛կ, տավո՛, պլեդը քաշիր ցած, ոտներս ծածկիր. հա՛ այդպես։ Դե՛հ լսեցեք, ինչու ճանապարհորդեցի այս ընտանեկան դրախտը, հա՛, հա՛, հա՛, չոռտ եվո դերի, լավ դրախտ է։ Ի՞նչ եք գիշեր-ցերեկ միմյանց միսը կրծում։ Նի սլո՛վա, յա, բրա՛տեց, նե դուռակ, շատ լավ տեսնում եմ, շելմա, որ տա՛վո, կնոջդ խաբում ես...

— Պա՛պա։

— Գոլո՛ւբչիկ,— դարձրեց ծերունին յուր կիսախուփ աչքերը Գայանեին,— մի զարմանար, դա Բարաթովների արյունն է։ Շատ էլ, տավո՛, ուշադրություն մի դարձնիլ։ Նո՛ւ, չտո՞ժ, ուրիշ կանանց հետևից է ընկած, ո՞ր մարդը չէ ընկած։ Բայց շատ լավ գիտեմ, որ քեզ սիրում է։ Ես ինքս էլ այդպես էի, միայն հանգուցյալին էի սիրում, նո՛ւ, չոռտ եվո դերի, աչքս միշտ ուրիշների վրա էր...

— Պապա...

— Նո՛ւ, պա՛պա, պապա՛, ի՞նչ կա, սո՞ւտ եմ ասում։ Նու դա, գոլուբչիկ, գեղեցիկ հարսս, մարդ շատ անգամ էլ ինքն է իրան անբախտացնում... Մի բան ասեմ. եթե ատամդ