տարածվել է ամեն տեղ և ամենքը արդեն հավատում են։ Նույնիսկ չհավատացողները նրա մեջ կասկած էին զարթեցնում։ «Երևի, մտածում էր նա, քաղաքավարությունն է ձեզ ստիպում ցույց տալ, թե իբր չեք հավատում, բայց իսկապես դուք էլ հավատում եք»։
Նա կամենում էր իմանալ մարդկանց միտքը, թափանցել նրանց հոգին և ճշտությամբ կարդալ նրանց սրտինը։ Ահա ինչու մեկի հետ խոսելիս երբեմն նրա ուղեղը ավելի դիմացինին ուսումնասիրելով էր զբաղվում, քան թե խոսակցության նյութով։ Այդ միջոցներին նա հաճախ շփոթվում էր և, երբ խոսակիցը հարցնում էր. «ճշմարի՞տն եմ ասում», նա սթափվելով արտասանում էր` «հը՞ըմ»:
Այսպիսով, նա ինքը անգիտակցաբար կասկած էր զարթեցնում ուրիշների սրտում։ Նա ուղղակի ոչ ոքի հետ չէր խոսում պղտոր լուրի մասին։ Նա չէր ուզում առիթ տալ կարծելու, թե ինքը որևէ նշանակություն է տալիս չարախոսներին։ Բայց և այնպես կասկածը ավելի ու ավելի խոր արմատ էր գցում նրա սրտում հակառակ յուր կամքին, հակառակ յուր տրամադրությանը։
Դա մի անբնական հոգեկան դրություն էր, որ պետք է քայքայեր նրա նյարդերը։ Նա զգում էր այս բանը և որքան աշխատում էր մտքում ծաղրել յուր հակառակորդներին, այնքան ընդհակառակը ավելի էր վրդովվում նրանց դեմ։
Վերջապես, մի օր նա վճռեց խոսել Մսերյանի հետ։ Նա համոզված էր, եթե ամբողջ աշխարհն էլ հավատա, իդեալիստը դարձյալ չի հավատալ և կծիծաղի չար լուրը տարածողների վրա։
Իսկ Մսերյանը դեռևս այնքան խորասուզված էր ինքն յուր մեջ, որ ոչինչ չգիտեր տարածված լուրի մասին։ Ամբողջ օրը նա տանը նստած շարունակ կարդում էր փիլիսոփայական հաստ գրքերը։ Սակայն գյուղ գնալու միտքը դեռ նրա գլխից չէր դուրս եկել։ Նա նորանոր ծրագիրներ էր կազմում, պատկերացնում էր ապագա գործունեության բոլոր մանրամասները։ Բայց երբ բանը գործնականին էր գալիս, բարոյական ուժը սկսում էր դավաճանել նրան և խորտակել բոլոր թեորիաները։