Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/490

Այս էջը հաստատված է

բարձր մարդուն կամ շրջանի բարոյական օրենքներին չհարմարվողին։ Այդպիսի մեկն էր համարում նա յուր ընկերոջը և առաջին անգամը չէր, որ նրան խելագար էր կոչում։

Դիմաքսյանը երկու ձեռներով գլուխը ամուր բռնած, աչքերը հառել էր սեղանի մի կետին։ Թվում էր նրան, որ արդարև յուր ուղեղին մի վտանգ էր սպառնում, որ այդ վտանգը շատ մոտիկ է, բավական է Մսերյանը մի անգամ էլ կրկնի «իհարկե, խելագար ես», և նա իսկույն կցնորվի։ Նույն դրության մեջ նա բութ մատների ծայրերով փակեց ականջները և պատմեց անհեթեթ լուրերը։ Արտահայտեց բոլորը, ինչ որ զգացել էր և զգում էր թե՛ մարդկանց շրջանում և թե՛ առանձին ժամանակ։ Ավելացրեց, թե այնքան վերջին ժամանակ մտածում է այդ մասին, այնքան ուրիշները կասկածով են նայում նրա վրա, որ վախենում է։ Մարդկանց կասկածավոր հարաբերությունը խլում է նրա եռանդը, ջլատում է նրա ուժերը։

— Բոլոր իմ ծրագիրները խորտակվում են միայն և միմիայն այդ կասկածից։ Ինչ ձեռնարկության մասին մտածում եմ, իսկույն այդ հրեշավոր կասկածը կանգնում է իմ առջև։ Ես ուզում եմ գործել, հասկանո՞ւմ ես, բայց մտածում եմ, ինչ կարող է անել մի մարդ, որին ամենքը եթե ոչ խելագար, գոնե աննորմալ են համարում։ Ոչ, այսպես չէ կարելի, կամ ես իսկապես խելագար եմ և ինձ պետք է գժատուն ուղարկել, կամ պետք է մի կերպ վերադարձնեմ իմ հոգեկան խաղաղությունը, որ կարողանամ մի գործ սկսել։

Մսերյանը այժմ միայն հասկացավ բանի էությունը։ Նա տեսավ, որ Դիմաքսյանի հոգեկան դրության հետ կատակ անել չի կարելի։ Պետք էր միանգամից ազատել նրան այդ կասկածներից, որքան ևս նրանք անհիմն և անմիտ լինեին։ Եվ նա, չնայելով յուր թախծալի տրամադրությանը, հանկարծ բարձրաձայն ծիծաղեց։ Հետո ոտքի կանգնեց և, ձեռը ձեռին խփելով, գոչեց.

— Խեղկատակնե՛ր, խեղկատակներ, երկինքը վկա, այդ մարդկանց տեղը կրկեսն է և ոչ թե հասարակական ասպարեզը։ Հա՛ հա՛ հա՛, Դիմաքսյանը ցնդվել է, հա՛ հա՛ հա՛...