Խորին հավատով և ոգևորությամբ արտասանված այդ խոսքերը ոգևորեցին և Դիմաքսյանին։ Նա զգաց մի անբացատրելի ուրախություն։
— Այդպես ահա,— ասաց նա,— այդպես խոսիր, այժմ ես ճանաչում եմ իմ Մսերյանին։ Թո՛ղ հուսահատությունդ, ոգևորվի՛ր և ուրիշներին էլ ոգևորի՛ր առաջվա պես։
— Բայց ափսոս միայն, որ մենք չենք տեսնիլ այդ օրը...
Նա շարունակեց նույն ուղղությամբ ապագայի մասին։ Այո՛, կգա այն օրը, երբ ամեն ինչ կփոխվի, կշատանա խելագարների թիվը և այժմյան խելոքներին նրանք կուղարկեն հիմարանոց։ Ապագան նրանն է — ով համոզմունք ունե և գործում է անկեղծ սրտով։
Նախկին Մսերյանը դարձյալ երևան եկավ յուր բոլոր վառվռուն զգացումներով։ Կարծես, վերջին ժամանակվա թախիծը մի վայրկյանում անհետացավ և նա մոռացավ յուր հուսահատ երկվորությունը, որ այնպես թմրեցրել էր նրան։ Եթե այդ պահին բժիշկ Սալամբեկյանը ներկա լիներ, իդեալիստը, առանց որևէ ոխի, կգրկեր նրան և կշնորհավորեր։ Նա այս բանը չթաքցրեց Դիմաքսյանից։
— Ինչ արած, ես այսպիսի մարդ եմ,— ավելացրեց նա,— կուզես ինձ անվանիր հիմար, տխմար, բայց այսպես եմ...
Դիմաքսյանը դուրս եկավ նրա մոտից գրեթե բոլորովին փոխված։ Կասկածի նշույլ անգամ չէր մնացել նրա սրտում և ոչ իսկ մի մազու չափ վհատություն։ Նա մի առանձին ոգևորություն էր ստացել և զգում էր յուր մեջ մի նոր ուժ մաքառելու յուր գաղափարների համար։ «Անմիտնե՛ր, ասում էր նա մտքում, դուք կամեցաք ինձ ծաղրե՞լ, ձեզ չի հաջողվիլ այդ։ Խելագա՞ր եմ ես, շատ գեղեցիկ, ուրեմն ունիմ իրավունք ինչ որ ուզում եմ — անել և ինչ որ ուզում եմ — խոսել»։
Մի ամբողջ շաբաթ նա փակված յուր բնակարանում գրում էր։ Կյանքի դառն փորձերը նրա ուղեղում կազմել էին մի աշխարհայացք։ Պետք է փշրել այն բոլոր հասարակական նախապաշարմունքները, որ կաշկանդում են անհատի բարոյական ազատությունը — այս էր այն