Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/499

Այս էջը հաստատված է

կային, որ կարող էին նրան երջանկացնել. նա մինչև անգամ չգիտեր նրանցից որին ընտրել։ Այժմ ի՛նչ առաջարկե յուր ընտրելիին, եթե նրանից խլում եք ամենամեծ հրապույրը — հարստությունը։ Գեղեցկությո՞ւնը, о՜о, նա թառամում է, կորչում, մի քանի տարի ևս, և այնուհետև ինչի՞ կնմանի նա։

Անցավ մի ժամ, մի ամբողջ դառն և անտանելի ժամ։ Բանալին դռան մեջ պտույտ եկավ։ Տիկինը վազեց սենյակի անկյունում դրած պահարանի մոտ և սկսեց այնտեղ իբրև թե ինչ-որ որոնել։

— Աննա Պավլովնա, Պյոտր Սոլոմոնիչը կանչում է,— լսվեց Վեքիլյանի պաղ ձայնը։

Երբ տիկինը շփոթված ներս մտավ, բոլոր հյուրերը հարգանքով ոտքի կանգնեցին և մի անգամ ևս գլուխ տվեցին։ Ծերունին հրավիրեց նրան նստել, հետո անմիջապես խնդրեց շիկամորուս նոտարին կարդալ յուր ձեռի թուղթը։

Կտակը գրված էր մանրամասն։ Առաջին մասը պարունակում էր բարեգործություններ։ Էջմիածնի վանքին տասը հազար, Ներսեսյան դպրոցին մի շարք խանութներ, քաղաքային ինքնավարոթյանը քսանուհինգ հազար ռուբլու տոկոսաբեր թղթեր երեք որդեգիր պահելու համար։ Եվ բոլորը Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանի և միմիայն նրա անունով։ Կարծես, ծերունին վճռել էր յուր անունը անմահացնել։

Բայց կար մի հատված, որի կարդալու միջոցին ծերունին խորհրդավոր կերպով գլուխը շարժեց, աչքերը հառելով կնոջ երեսին։ Նա կտակում էր յուր քրոջ դուստր Գայանե Բարաթյանին երեսուն հազար ռուբլի զուտ փող ինչպես սեփականություն։ Կտակում էր դարձյալ նրան երեսուն հազար ռուբլի, որ այս գումարով բաց անի աղքատ աղջիկների համար մի ուսումնարան յուր անունով։

«Այսինքն ուսումնարանը պետք է լինի Գայանեի ուսումնարանը և ոչ թե տիկին Բախտամյանի։ Թող հայերը որդոց որդի օրհնեն իմ Գայանեի անունը և հիշատակը»։

Կտակած գումարները ծերունու մահվան քառասունքի օրը տոկոսաբեր թղթերով պետք է հանձնվեին Գայանեին: Կտակակատարներին ոչինչ իրավունք չէր տրվում ուսումնարանի վերաբերմամբ։