— Դա-սս, բարի ճանապարհ, — կրկնեց ծերունին, — երեխաները կմնան մեզ մոտ։ Կարող եմ ասել, մարդամ, որ նրանք վովսյակոմ սլուչայե, Բարաթովների տանը լավ կկրթվեն։ Մենք շատ պակասություններ ունինք, բայց ոչ հիմար ենք, ոչ էլ անկիրթ:
Գայանեն սարսափած նայեց նախ որդուն, ապա հորը։ Նա այնպես զգաց, թե ընկել է երկու անխիղճ դահիճների ձեռքը, որոնք բութ դանակով կտրում են նրա սրտի ամենազգայուն կտորը։ Բայց նա գիտեր, որ այդպես էլ պետք է լինի, որ Բարաթյանները երբեք չեն համաձայնվիլ երեխաներին իրան տալ: Նա գունատ էր ինչպես կտավ և միայն աչքերի մեջ վարվում էր մի տարօրինակ կրակ։ Դա մայրական կատաղի սիրո փայլն էր։
Մեկը դրսից կամացուկ երեք անգամ զարկեց դռներին։ Գայանեն սթափվեց, խելքը գլուխը ժողովեց և, մի քանի վայրկյան իրան իշխելով, գոչեց.
— Ոչ, դուք մինչև անգամ այդ սպառնալիքով չեք կարող ինձ փոխել:
Բարաթյանը դռները բաց արեց, երևաց Վեքիլյանի կերպարանքը։
— Ախ, ներեցեք, որ այսպես անժամանակ եկա,— ասաց իրավաբանը մշտական ժպիտի փոխանակ մի շինովի տրտմություն երեսին.— ես եկել եմ մի ցավալի լուր հաղորդելու։
Եվ, դառնալով Գայանեին, ավելացրեց.
— Պյոտր Սոլոմոնիչը մեռնում է և ուզում է ձեզ վերջին անգամ տեսնել:
Լուրը սարսափեցրեց Գերասիմ Գերասիմիչին։ Կարծես, դա սեփական մահվան նախերգանքն էր։
— Խե՛ղճ Պետրոս,— գոչեց նա հուզված,— ինչո՞ւ այդպես շուտ, խեղճ Պետրոս...
Նա ոչինչ տեղեկություն չուներ Պյոտր Սոլոմոնիչի ընտանեկան դժբախտության մասին, թեև լսել էր նրա կաթվածահար լինելը։
Մի վայրկյան Գայանեն տատանվեց. գնա՞լ արդյոք, հանդիպե՞լ Աննային նույնիսկ յուր տան մեջ։ Բայց նա