Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/505

Այս էջը հաստատված է

այնքան հարգում էր և սիրում էր յուր քեռիին, որ չգնալ չէր կարող:

Առանց ուշացնելու նա հագնվեց և իսկույն ուղևորվեց դեպի այն տունը, ուր վաղուց ոտք չէր դրել։ Վեքիլյանի հետ կառքում նստած, նա ամբողջ ճանապարհը մի բառ անգամ չարտասանեց։ Նա դեռ տեղի ունեցած տեսարանի թարմ տպավորության տակ էր։ Ներկան նրա համար որոշվեց, քանդվեց այն փտած կապը, որ մինչև այժմ առերես պահում էր նրան նախկին դրության մեջ։ Իսկ ապագան ներկայացնում է անորոշ խառնուրդ, անթափանցելի քաոս։ Մերթ նրան թվում էր, որ յուր արածը անհաշիվ, լավ չմտածված, գուցե վտանգավոր քայլ է, մերթ նա աշխատում էր համոզել ինքն իրան, որ ընդհակառակը դա շատ հասարակ, շատ սովորական բան է։ Մի բան, որ ուրիշները անում են առանց տանջվելու, առանց հասարակական կարծիքի վրա ուշադրություն դարձնելու։

Նա այնքան կլանված էր յուր մտքերով, որ ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր լսում։ Նա չէր նկատում յուր ծանոթներին, որ աջ ու ձախից բարևելով անցնում էին։ Մի վայրկյան միայն նա, կարծես, մի տեսակ մոխրագույն գոլորշիի մեջ նշմարեց մի շատ ծանոթ կերպարանք, որ կանգնած էր մի փողոցի անկյունում և մռայլ հայացքով ուղեկցում էր նրան։ Նա կրկին նայեց այն կողմ և ակամա մի ցնցում զգաց։ Դա Դիմաքսյանն էր։ Սիրո՞ւմ է նա արդյոք այդ ամենքից հալածված մարդուն, որ նրա աչքում այժմ ամենքից խելոք է, ամենքից ազնիվ, ամենքից մաքուր և բարձր։ Այո՛, սիրում է։ Ոչ, ոչ, դա ախ սերը չէ, որ կնոջը մոռացնել է տալիս ամեն բան, և՛ հասարակական նախապաշարմունքներ, և՛ բամբասանք, և՛ շատ անգամ նույնիսկ զավակներին։ Դա մինչև անգամ սեր չէ, այլ սիրո պատվանդանին հասնող, նրա պես պայծառ, նրանից մեղմ, բայց ավելի հուսալի և հարատև մի զգացում է, — հարգանք և երկրպագություն համոզմունքների գերի և վսեմ ձգտումների տեր մի մարդու առջև...

Դիմաքսյանն ուղեկցեց աչքերով Գայանեին, մինչև որ կառքը բոլորովին անհետացավ փողոցի ծայրում։ Հետո երկար ժամանակ մնաց միևնույն տեղը անշարժ: Հիշեց այն