Բայց չէր վստահանում գնալ նրա մոտ, մի կողմից քաշվելով օրիորդ Կարինյանից և բժիշկ Սալամբեկյանից, մյուս կողմից՝ խնայելով Գայանեի անունը, որ առանց այն էլ բամբասանքի առարկա էր։
Վերջապես, առիթը մոտեցավ. դա Սալամբեկյանի ամուսնությունն էր Կարինյանի հետ։ Երջանի՛կ բժիշկ, որքա՛ն նա ուրախ էր, գոնե Դիմաքսյանի աչքում, և ի՛նչ աշխույժ էր ստացել։ Կարծես, դա այն ծույլ ու դանդաղ մարդը չէր, որ դեռ երկու տարի առաջ մեջքի վրա պառկում էր ամեն օր և կրկնում. «աշխարհը դատարկ բան է»։ Արդյոք սերը չէ՞ր, որ այդ դատարկությունը լրացրեց նրա համար։
Բժիշկը վճռել էր, որ հարսանիքը համեստ լինի։ Հրավիրված էին միայն նրա և օրիորդի ամենամոտիկ ազգականներն ու ծանոթները։ Հարսանիքը մի տեսակ ընկերական խնջույքի էր նմանվում։ Միայն այրի Բոլումբաշյանը չէր ուզում հաշտվել այդ անշքության հետ։ Նա երեկույթի կառավարիչն էր, հանդիմանում էր օրիորդին, որ համաձայնվել էր բժշկի խորհրդով յուր հարուստ ազգականներին չհրավիրել։ Բայց և այնպես նա աշխատում էր աշխույժ հյուրընկալ լինել: Նա հագնվել էր ինչպես մի վրաց իշխանուհի։ Մետաքսյա լայն փեշերը հատակին քսելով, մեջքից մի զույգ գույնզգույն երկայն ժապավեններ կապած, նա սահում էր սենյակից սենյակ ինչպես թևերը փռած սիրամարգ։
Հարսանիքի նախընթաց օրը օրիորդ Կարինյանը խնդրեց յուր փեսացվին անձամբ գնալ Մսերյանի մոտ և «թյուրիմացություններին» վերջ տալ։ Բժիշկը անտրտունջ կատարեց նրա խնդիրը, մանավանդ որ ինքն էլ ուզում էր հաշտվել յուր ընկերոջ հետ։
Կարելի էր կարծել, թե իդեալիստը յուր ախոյանին կընդունի դժկամությամբ կամ չի ընդունիլ բոլորովին։ Այնինչ հակառակը պատահեց։ Նա քիչ մնաց հուզմունքից արտասվեր, երբ յուր լուսամուտի առջև տեսավ ընկերոջ կերպարանքը։ Դա նրա բարի բնավորության խոշոր հակասություններից մեկն էր։ Նա ընդունեց Սալամբեկյանին այնպես, որ, կարծես, ոչինչ չէր անցել նրանց մեջ, շնորհավորեց, բայց հրաժարվեց հարսանիքին ներկա լինելուց։