Վայրկենաբար Դիմաքսյանի մտքերը կենտրոնացան պսակ կատարող քահանայի այս բառերի վրա։
«Ինչո՞ւ չէ, կհնազանդվի, բայց ոչ մոլորություններին և անառակություններին, այլ առաքինությանը։ Կհնազանդվի փոխադարձ գաղափարական համակրությանը, ոչ խաբեբայությանը, ոչ անառակությանը... Միթե մեծ մարդասերը մարմնացած բողոք և վրեժխնդրություն չէ՞ր թույլերի, խաբվածների, ճնշվածների համար՝ զորավորների դեմ։ Միթե նա կարո՞ղ էր ստրկություն քարոզել։ Ո՛չ, նրա սերն անհուն էր դեպի անհատի ազատությունը։ Նա չասաց, թե օրենքները պետք է քարացնել և նրանց ամբողջ ծանրությամբ ճնշել մարդկանց հոգին...»։
«Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ, Գայանեն չէր կարող մինչև մահ հնազանդ լինել։ Արձակեցե՛ք նրա կաշկանդված ձեռները, թողե՛ք նա ազատվի։ Կամ դարձրեք նրա կողակցին նրա չափ մաքուր... ինչ որ պահանջում եք մեկից, պահանջեցեք և մյուսից...»։
Նա կանգնած էր խոնավ պատի տակ, քարաշեն սյունի ստվերում, հեռու հանդեսից, գլուխը մտքերի ծանրությունից կրծքին թեքած։
Ամբոխի միջից լսվում էին ծիծաղ, քրքիջ, սրախոսություններ։ Խորհրդավոր հանդեսը, որ մարդկանց ճակատագիրն էր վճռում, նրանց համար արձակ զվարճության և ծաղրի առարկա էր դարձել։
Երբ հանդեսը վերջացավ, նա զգացված մոտեցավ, շնորհավորեց երջանիկ զույգին։ Հետո դարձյալ առանձին կառք նստեց և մենակ վերադարձավ։ Նա ներս մտավ Գայանեին հանդիպելու հույսով: Ահա նա, սպիտակ կրուժևաներով զարդարած ընկուզեգույն մետաքսյա զգեստով։ Յուր ընկերուհու սիրտը չկոտրելու համար նա ուրախ հագուստ է հագել։ Նա մոտեցավ, գրկեց նորապսակ ընկերուհուն և արտասվեց։
Ամեն ինչ խառնվեց Դիմաքսյանի աչքում և դարձավ մի զույգ կապտագույն աչքեր։ Նա մոտեցավ և սկսեց խոսել Գայանեի հետ։ Հարկավ, այնքան անզգույշ չէր, որ ակնարկեր տիկնոջ ներկա վիճակը։ Ինչո՞ւ, քանի որ խոսելու նյութ կար — Պյոտր Սոլոմոնիչի կտակած ուսումնարանը։ Գայանեի