դեմքը զվարթացավ։ Նա ասաց, թե աշխատում է շուտով կատարել հանգուցյալի կտակը։ Նա չգիտեր որտեղ հիմնել ուսումնարանը` Թիֆլիսո՞ւմ, թե՞ գավառական քաղաքում։ Նա չասաց տատանման պատճառը։ Հոգով ցանկանում էր հեռանալ որևէ մի խուլ անկյուն և այնտեղ հաստատվել, հեոու այն հասարակությունից, որ բամբասում էր նրան, հեռու և այն մարդուց, որին կարող է երբեմն հանդիպել։ Բայց զավակները կաշկանդում էին նրան։
Նրանք բավական երկար խոսեցին։ Գայանեի միտքը շատ էր զբաղված ուսումնարանի գործով։ Գգվանքով նա պատկերացնում էր յուր ապագա գործունեությունը։ Որքա՛ն երախտապարտ էր նա հանգուցյալ ծերունուն և քանի՜-քանի չքավորներ պետք է երախտապարտ լինեին նրան։ Նա ասաց, թե գուշակում է, ինչպես երջանիկ պետք է լինի մի մարդ, որ մի որևէ օգուտ է բերում ուրիշներին: Դիմաքսյանը շտապեց ավելացնել, թե բուն երջանկությունը հենց այդ բանի մեջ է, միայն մարդ պետք է նախ ձեռք վերցնի անձնական երջանկությունից, մոռանա նույնիսկ յուր սրտին ամենամոտիկ արարածներին։ Նա կամենում է իմանալ, արդյոք կարո՞ղ է Գայանեն առանց յուր զավակների ապրել, եթե նրանց խլեն նրանից։
Գայանեն, առանց մի խոսք ասելու, նայեց նրա երեսին երկմտաբար։ Նա գուշակեց յուր խոսակցի միտքը։ Ճի՞շտ է արդյոք, կարելի՞ է ուրիշների օգտի համար մոռանալ հարազատ զավակներին։ Նրա սիրտը մորմոքվեց, երբ մի վայրկյան մտածեց, թե կարող է բոլորովին երես դարձնել նրանցից: Ո'չ, այդ անկարելի է…
Պարերը վերջացան, հյուրերը հրավիրվեցին ընթրիքի, Գայանեն հեռացավ։ Դահլիճը դատարկվեց Դիմաքսյանի համար։
Տուն վերադառնալով, նա աշխատեց մտաբերել Գայանեի բոլոր ասածները, բոլոր ձևերը և գտնել նրանց մեջ սիրո մի նշույլ։ Նրան տիրեց մի նոր վհատություն։ «Նա ինձ չէ սիրում, նա ինձ չէ կարող սիրել, կրկնում էր նա մտքում, նա միայն հարգում է ինձ…»։