Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/523

Այս էջը հաստատված է

այնպես է, որ ես ուրիշ միջոց չունիմ այդ խաբեբաներից ազատվելու։ Տասնուչորս տարի շարունակ ես տանջվել եմ, չարչարվել մի «քավթառի» ձեռքին, գերիի պես ծառայել եմ նրան հիվանդ ժամանակ, հազար տեսակ հայհոյանքներ եմ լսել։ Սիրելո՞ւց եմ արել, հա, հա, հա… Միթե այժմ էլ ուրիշնե՞րը պետք է ինձ տանջեն։ Ոչ, ոչ, ես չեմ կարող այս տեսակ անպատվության դիմանալ։ Պետք է կտակը քանդել և ժառանգությանը իմ անունով հաստատվել, որովհետև ես եմ միայն Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովի օրինավոր ժառանգը, երեխաները իմն են — ոչ թե Վեքիլովինը կամ Սարզափովինը։

Բարաթյանը հանդարտ և անվրդով սկսեց բացատրել, թե մի կտակ, որ կազմված է նոտարի ձեռքով, օրինական կարգով և որ շուտով պետք է հաստատվի կառավարությունից, չի կարելի քանդել։

— Ի՞նչ անեմ նոտարիուսի ձեռքով է կազմված,— գոչեց այրին զայրացած,— նոտարիուսը խոմ թագավոր չէ, որ նրա արածը փոխել չլինի։

Բարաթյանը մի րոպե ընկավ մտատանջության մեջ։ Տիկնոջ դրությունը նրա համար հասկանալի էր, բայց ինչո՞վ կարող է օգնել նրան։ Նա աշխատեց նրան համոզել, որ թողնի յուր վտանգավոր միտքը և համբերությամբ հպատակվի յուր ճակատագրին։ Օրենքի դեմ նրանք ոչինչ չեն կարող անել, բացի իրանց անունը խայտառակելուց։

— Դուք ուրեմն վախենում եք խայտառակությունից,— ընդհատեց այրին, ավելի ու ավելի զայրանալով,— իսկ ես չեմ վախենում։ Այո', ոչ մի բանից չեմ վախենում, որովհետև առանց այդ էլ խայտառակված եմ… հենց ձեր պատճառով…

Բարաթյանը անտարբեր նայում էր վրդովված այրիի երեսին, որի մկանունքները ցնցվում էին ամեն մի բառ արտասանելիս։ Այդ րոպեին նա հանկարծ զգաց մի անբացատրելի ատելություն դեպի այդ կինը, նկատելով նրա ճակատի վրա, բերանի անկյուններում և աչքերի տակերում բարակ խորշեր։ Գեղեցկուհին մի վայրկյան այնքան տգեղացած և ծերացած թվաց նրան, որ նա երեսը մի կողմ դարձրեց