Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/53

Այս էջը հաստատված է

Նիկողայոսը ապշած նայեց կնոջ երեսին։ Այն անունը, որ հիշեց Սոփիոն, շատ և շատ բարձր էր նրա դիրքից ու շրջանից։ Ոչ միայն ծանոթանալ, երևակայել անգամ չէր կարող, թե երբևէ բախտ կունենա երես առ երես տեսնվել նրա հետ։ Եվ հանկարծ Սոփիոն ասում է, թե այդ կնոջը կարելի է ստիպել անգամ, որ այցելի Սադափյաններին։ Ի՞նչպես։

— Մե՞ծ բան է,— բացատրեց Սոփիոն սառնորեն, — եթե նա կոմսուհի է, ես իշխանի աղջիկ եմ։ Պապերս վրաց թագավորների հետ մի «հազարփեշից» գինի են խմել, կոմսուհիները ո՞վ են իմ մոտ։ Ականջ դիր. կոմսուհի Նավալիխինան մի բարեգործական ընկերության նախագահ է։ Ով որ պատվավոր անգամ է գրվում, նրան կարեթով այցելություն է անում։ Հասկացա՞ր։ Հիմա ես ուզում եմ, որ Նատոս պատվավոր անդամուհի գրվի։ Լսո՞ւմ ես։ Մի շաբաթ սրանից առաջ կոմսուհին Փափգիսովի կնոջ մոտն է եկել։ Սիրտս քիչ մնաց տրաքի, երբ որ լսեցի։ Հիմա դու ինքդ ասա, մենք Փափգիսովների՞ց էլ հետ պիտի մնանք։

Ավարտելով յուր խոսքը, տիկինն աչքերը սևեռեց ամուսնու աչքերի մեջ, սպասելով նրա պատասխանին։ Նիկողայոսը մի քանի վայրկյան մտածեց և հետո սեղանի արկղը բանալով, հանեց մի հատ աղեղնագույն թղթադրամ և, դնելով սեղանի վրա, ասաց.

— Սրանից ավել տալ չեմ կարող, ինչ ուզում ես, արա։

Սոփիոն արհամարհանքով շպրտեց թղթադրամը։ Նա ոտքի կանգնեց։

— Մուրացկա՜ն եմ, ի՛նչ եմ,— գոչեց կատաղած,— վերցրու', չեմ ուզում, տար եղբորդ աղջկա համար հագուստ գնիր։

Առաջին անգամ չէր Նիկողայոսը կնոջ կողմից այս տեսակ կծու ակնարկներ լսում յուր եղբոր որբերի վերաբերմամբ։ Բայց երբեք մի առանձին ուշադրություն դարձրած չէր։ Այս անգամ Սոփիոյի խոսքը ազդեց նրա վրա։ Ազդեց իբրև հանդիմանություն, և ոչ իբրև վիրավորանք յուր հարազատ եղբոր աղջկա համար։

Նա աչքերը լայն բաց անելով, նայեց կնոջը ոտից գլուխ և արտասանեց.