Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/532

Այս էջը հաստատված է

— Oo՜, ի՛նչքան դժվար է, ի՛նչքան դժվար...

Այս խոսքերը Դիմաքսյանը արտասանեց ցածր, հազիվ լսելի ձայնով, կարծես, ակամա։ Բայց և այնպես նրանք շատ պարզ, շատ որոշ հասան Գայանեի ականջին։

Դիմաքսյանը աչքերը ծածկեց ամոթից և նույն վայրկյանին իսկույն գլուխը բարձրացրեց։ Նա կրկին նստել էր, այժմ նորից ոտքի կանգնեց, և նրանց աչքերը կիսախավարի մեջ հանդիպեցին միմյանց։

— Անվանեցեք ինձ — ինչպես կամենում եք, բայց ես այլևս չեմ կարող պահել իմ խոսքը... Բարեկա՞մ մնալ... Ոչ, եթե ես կարողանայի արտահայտել իմ զգացածը, կտեսնեիք, որ անհնարին է, դժվար է դիմանալ... Միթե ամեն բան ձեզ հայտնի՞ չէ, միթե չե՞ք տեսնում, ինչպես տանջվում եմ ես...

Կասկած չկար, որ Գայանեն եթե մինչև այժմ չէր զգացել, այժմ ամեն ինչ հասկացավ։ Ավելի ոչինչ չկարողացավ արտասանել Դիմաքսյանը։ Ներսից, կարծես, մի բան խեղդում էր նրա կոկորդը։ Իսկ Գայանեն, որ ուզում էր գնալ, դեռ անշարժ կանգնած էր նրա առջև։ Նայելով չորս կողմ նա շփոթված արտասանեց.

— Ի՞նչ պատահեց ձեզ… Ես չէի սպասում ձեզանից այդչափ թուլություն։ Հարգեցե՛ք ձեզ… ուշքի եկեք…

Նա սկսեց դողալ ինքն էլ չգիտեր ինչու — երկյուղից, ամոթից, թե՞ մի ուրիշ ավելի զորավոր զգացումից։ Երբ նա տեսավ, որ Դիմաքսյանը լուռ է, կարծեց, թե նա ուզում է բացատրել յուր սիրտը ավելի պարզ։ Այժմ նա չգիտեր ինչ անել, գնա՞լ, թե՞ մնալ։ Զգում էր միայն, որ յուր գնալը պետք է հավիտյան վիրավորե Դիմաքսյանին, այն մարդուն, որի ազնվության մասին րոպե անգամ չէր կասկածել, չէր կասկածում և՛ այժմ, այդ վայրկյանին։

Դիմաքսյանը մի քայլ հետ կանգնեց, յուր սրտում զգալով մի սուր ցավ։ Այն լուռ տեսարանը, որ տեղի ուներ, ավելի քան պերճախոս կերպով պարզեց նրա համար ամեն բան։ Նա տեսնում էր յուր և Գայանեի մեջ մի հսկայական պատնեշ, որի առջև ինքը տկար էր, անզոր բոլոր յուր զգացումներով հանդերձ։ Այդ կինը սարսափում է և ամաչում յուր