Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/533

Այս էջը հաստատված է

դրությունից։ Հանդգնե՞լ արդյոք ավելի առաջ գնալու, թե՞ կանգ առնել և ամեն բան վերջացած համարել։

Եվ մինչ նա այս տատանման մեջ էր, տեսավ, որ Գայանեն հանդարտ քայլերով հեռանում է: Հետևե՞լ նրան, ներողությո՞ւն խնդրել, բացատրե՞լ, որ մոլորվեց, կուրացավ, չպիտի աներ։ Ո՛չ, ինչո՞ւ կեղծել և ստել, ինչո՞ւ խաբել և մի ուրիշ ավելի վատ, սխալ գործել։ Վերջապես, արդեն ուշ է, ահա Գայանեն գնաց, մտավ իր սենյակը և դռները հետևից ծածկեց…

Նա դողում էր ոտից մինչև գլուխ։ Խելքը պղտորված, շշկլված, նա կանգնած էր, գլուխը երկու ձեռներով ամուր բռնած, այնքան ամուր, որ կարծես վախենում էր, թե նա կարող է անջատվել ուսերից և թավալվել պատշգամբի վրա։ Նա մեջքը հենեց վանդակապատին։ Ներսից ոչ մի ձայն չէր լսվում։ Կայծակի պես մի բան փայլեց, հետո լուսամուտների մթին ապակիները դեղնեցին։ Դա տիկին Սալամբեկյանը կանթեղ է վառում սեղանատանը։ Անշուշտ նա իսկույն դուրս կգա հյուրին թեյի հրավիրելու։ Երևա՞լ արդյոք նրա աչքին։ — Ոչ, անկարելի է, պետք է հեռանալ, առանց նրան տեսնելու, թող այդ լինի անքաղաքավարություն, փույթ չէ, բայց պետք է հեռանալ...

Վերջացավ ամեն ինչ, ուրեմն այլևս հույս չկա։

Ինքն յուր աչքում ընկճված, գրեթե ոչնչացած, նա կառքի մի անկյունում սեղմվել էր այնպես, որ ոչ ոքին չերևա։ Չնայելով երեկոյան բավական թանձր մթանը, նրան թվում էր, որ չորս կողմից ինքը լուսավորված է պայծառ էլեկտրական լույսով և ամենքը տեսնում են նրան։ Անաջողությունը դրոշմված է նրա կերպարանքին, բոլոր անցորդները տեսնում են այդ, խղճում են ու ծաղրում նրան։


XII



Մի քանի րոպե նա լուռ անցուդարձ էր անում յուր մթին սենյակում։ Ներս մտավ Սիրականը և, վառ կանթեղը դնելով սեղանի վրա, մի քանի քայլ հետ քաշվեց, սկսեց դիտել նրան։ Նա իսկույն հասկացավ, որ էլի մի բան է պատահել