յուր պարոնին։ Դիմաքսյանը հրամայեց նրան դուրս գնալ, նա ուզեց մենակ մնալ։ Ծառան անցավ նախասենյակ և դարձյալ կանգնեց դռների հետևում, որ տեսնե, ինչ պիտի անի յուր պարոնը։
Դիմաքսյանը թուլացած ընկղմվեց աթոռի վրա, երեսը ձեռներով ծածկեց, գլուխը դրեց սեղանին։ Նրա սիրտը լցվել էր, նա ուզում էր լաց լինել, այո՛, հեկեկալ ինչպես մի երեխա։ Բայց նա ճիգն արեց յուր դառն հեկեկանքը զսպելու, և զսպեց։ Արտասուքը չի կարող թեթևացնել նրա սիրտը։ Նա զգում էր իրան կյանքից անջատված, մի դատարկ տարածության մեջ, անհեն, անմխիթար։ Նրա շուրջը տիրում է մեռցնող ցրտություն, և չկա մեկը, որ փարատե այդ ցրտությունը։
Նա հիշեց Մսերյանին, նրա անկեղծ ընկերական համակրությունը։ Շատ անգամ է այդ մարդը մխիթարել նրան և պահպանել հոգեկան դառնությունների ժամանակ յուր խրախուսիչ խոսքերով։ Այժմ նա էլ չի կարող օգնել։ Հարկավոր է ավելի ջերմ, ավելի քնքուշ սիրտ, ոչ մխիթարելու, այլև նրա հետ դառնանալու, նրա վշտին վշտակից լինելու համար։
Ո՞րտեղ գտնել մի այդպիսի սիրտ։ Ա՜խ, որքան նա այդ ժամին կկամենար յուր մոտ տեսնել այն միակ էակին, որին ոչ ոք չի կարող փոխարինել, ո՛չ ընկեր, ո՛չ բարեկամ, որի սերը որքան անկաշառ է, այնքան անսպառելի է, անհուն և ջերմ։ Նա յուր որդու դեմքի մի թեթև արտահայտությունից, կրծքից դուրս եկած մի թույլ հառաչանքից կհասկանար նրա բոլոր ցավերը։ Յուր մայրական վշտակցությամբ կպահպաներ նրա հուսահատ հոգու մեջ կենսական ջերմություն։ Նա կասեր, «Ապրիր առանց սիրվելու, որովհետև այդ հնարավոր է, և ես ապրեցի ոչ միայն չսիրված, այլև ամբողջ կյանքիս ընթացքում տանջվելով»։ Կասեր. «Մի՛ սպասիր կնոջ կողմից սեր, որովհետև եթե աշխարհի երեսին կա իսկական սեր — դա մայրական սերն է և միայն մայրը կարող է անկեղծ սիրել յուր զավակին, ուրիշ ոչ ոք, ոչ ոք...»։
«Ես հիշում եմ, նա ինչպես փայփայում էր ինձ և ինչ նուրբ զգացողությամբ էր արտահայտում յուր սերը, երբ ես մի թեթև դառնություն էի ունենում։ Ահա քո դալկահար