Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/538

Այս էջը հաստատված է

տերևի նման, մյուսը թռչնի պես։ Սուրբի գերեզմանի հողը պահում էր մեր թոնրատանը, գիշեր-ցերեկ նրա առաջ մոմ էր վառում... Քանի-քանի հիվանդներ է փրկել, որին աչքացավից, որին գլխացավից, որին ոսկրացավից, որին էլ յարափարաներից։ Աղա, ես էլ ընկնավոր եմ։

— Դո՞ւ,— հարցրեց Դիմաքսյանը զարմացած և ցավակցաբար։

— Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, ես սուրբի «ղուլ» չեմ, ես մարգարեություն չեմ անում, բայց ընկնավոր եմ։ Հենց որ առաջին փորձանքը գլխիս հասավ, մայրս տնից տուն ման եկավ, կոպեկ-կոպեկ փող հավաքեց, շորեր հավաքեց, տվեց ինձ ու ասաց. «Գնա՛, Սիրական, գնա՛, բոլոր սրբերին ուխտ արա, գերեզմանների հողը լիզիր, եթե մեկը չփրկի, մյուսը կփրկի...»: Գնացի, աղա ջան, քսան տարեկան էի, գնացի, երկու տարի ոտով թափառեցի Գյանջա, Ղարաբաղ, Պարսկաստան, Տաճկաստան, որտեղ որ հայ քրիստոնեի սուրբ կա, գերեզմանին երկրպագություն տվեցի...

— Լավացա՞ր։

— Լավացել էի, մեռնեմ նրանց սուրբ աջին, բայց հետո մեղքերս երևի էլի շատացան, էլի «չարը» մտավ հոգիս։ Այժմ տարենը մեկ կամ երկու անգամ փորձում է։ Սրանից երեք ամիս առաջ Սալդատսկի բազարում ընկա, գարադավոյը բերեց տուն։ Կինտոները գրպանիցս տասը մանեթ էին հանել...

Դիմաքսյանը անկեղծ ցավակցեց Սիրականին, որի անբուժելի հիվանդության մասին առաջին անգամն էր լսում։

— Լա՛վ, Սիրական,— ասաց նա բարեկամաբար,— այժմ ի՞նչ ես ուզում ինձանից։

— Աղաչանք ունիմ, մեծ աղաչանք,— պատասխանեց Սիրականն այժմ ավելի վստահացած։

— Աղա, դու ինձ լավություն շատ ես արել, էհ, ես ինչո՞վ կարող եմ պարտքս վճարել։ Ես էլ ուզում եմ քեզ տալ ինչ որ ունիմ...

Նա ձեռը տարավ ծոցը և այնտեղից հանեց մի բան։

— Այս պստիկ կապոցը մորս թանկագին կտակն է, տալիս եմ քեզ, աղա, իմ խաթրու վզիցդ քաշ տուր:

Նա ջերմեռանդորեն համբուրեց ձեռի բանը։ Դա