Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/541

Այս էջը հաստատված է

իրավունքով նրանից վիրավորվեմ: Տեր աստված, գլուխս պտտվում է, չգիտեմ ինչ մտածել... Իհարկե, նա այժմ համոզված է, որ ես նրան ատում եմ։ Բայց այդպես չէ, ոչ, այդպես չէ» Ուրեմն ի՞նչ է... Մի՞թե վախեցա հասարակական կարծիքից» Սխալ է, այդ չէ... Ես կամենում եմ իմ խղճի առջև արդար լինել։ Այո՛, ճիշտ դա է։ Եթե ես այդ մարդուն առաջ սիրեի և հետո բաժանվեի իմ ամուսնուց, այն ժամանակ շատ կարելի է այդպես չվարվեի նրա հետ։ Բայց այդ մարդն իմ ուշադրությունը գրավեց հետո, երբ ես ատում էի Բարաթյանին։ Ես այն ժամանակ համեմատեցի երկուսին, երբ համեմատելը անկարելի էր։ Այն ժամանակ ճանաչեցի մեկի արժանավորությունները, երբ մյուսի անբարոյական լինելն ինձ համար բոլորովին պարզվեց...»։

Ի՞նչ կլիներ, եթե նա կուրացած սիրեր Դիմաքսյանին, եթե արհամարհելով ամեն ինչ, գնար նրա հետևից։ Միթե դա կլիներ սե՞ր և ո՞չ վրեժխնդրություն։ Եվ ումի՞ց պետք է վրեժը հաներ։ Բարաթյանի՞ց, о՜ о, այդ մարդը վիրավորվելու փոխարեն կծիծաղեր, կզվարճանար։ Նա ինքն յուր վրեժը լուծված կհամարեր, տեսնելով յուր կնոջն յուր թշնամու հետ միացած։ Նա այդ փաստն յուր ձեռքում զենք կդարձներ նրա դեմ, կպարծենար հասարակության առջև և ամենքին ցույց տալով, կասեր. «Ահա, տեսեք, կինս բաժանվեց ինձանից ոչ թե այն պատճառով, որ ես անբարոյական էի, այլ որովհետև նա ինքը չուզեց բարոյական ամուսին մնալ...»։

Եվ որքան Գայանեն այսպես մտածում էր, այնքան ավելի համոզվում էր, որ ուրիշ կերպ չէր կարող վարվել։ Միակ յուր սխալը նա համարում էր այն, որ չուզեց կամ չկարողացավ ժամանակին Դիմաքսյանի սերը զսպել յուր սառնությունով։ Մյուս կողմից, մի միտք նրան սաստիկ մտատանջություն էր պատճառում, կդիմանա՞ արդյոք Դիմաքսյանն այդ վշտին, թե մի փորձանք կբերի յուր գլխին։

Մերթ նա կարծում էր, թե չի կարող դիմանալ և մերթ մտածում էր, թե պետք է դիմանա, քանի որ խելոք է, մտածող: Նա ինքն ինքնասեր է, հպարտ է — պետք է յուր սիրածի ինքնասիրությունն ու հպարտությունն էլ խնայի։ Նա պատվախնդիր է և ազատասեր — պետք է ուրիշներից էլ