Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/544

Այս էջը հաստատված է

Ապրի՛ր, քեֆ արա ինձ նման… Տեսնո՞ւմ ես, մարդիկ շատ բաներ են ասում իմ մասին, թող հաչեն, ինչքան ուզում են, շատ հարկավո՞րս է…

Այս ասելով, նա շտապով վեր կացավ, պահարանի վրայից վերցրեց ֆիսգարմոնիան և սկսեց նվագել ու հետը երգել ինչ-որ վրացական երգ։ Մյուս սենյակում հիվանդ պառավի տնքտնքոցը սաստկացավ։ Բայց այրին մինչև չվերջացրեց յուր երգը, չլռեց։ Հետո նա անցավ յուր սենյակը, շուտով զուգվեց և շտապով դուրս եկավ տնից։

Տիկին Սալամբեկյանը ամբողջ օրը զբաղված էր յուր պարտեզով և սաների համար հոգում էր ինչպես հարազատ մայր։ Սիրով հետևում էր նրանց առաջադիմությանը, ուսումնասիրում էր ամեն մեկին, վաղօրոք գուշակություններ էր անում, թե այս կամ այն երեխայից ապագայում ինչ դուրս կգա։ Ամեն օր, դասերը ավարտելուց հետո, ոգևորված պատմում էր յուր «սիրելի զավակների» մասին։

«Չգիտես ի՜նչ երջանկություն է այդ անմեղ էակների շրջանում լինելը։ Մարդ ինքն էլ երեխա է դառնում նրանց հետ։ Մինչև մահ չպիտի թողնեմ այդ շրջանը…»։

Եվ նրա զվարթ դեմքը, հոգեկան եռանդուն տրամադրությունն ակամա շարժում էին Գայանեի նախանձը։ Որքա՛ն կյանքը ժպտում էր յուր արժանավոր ընկերուհուն և ինչպե՜ս նա բախտավոր էր ամուսնության մեջ։

Մի ժամանակվա ծույլ-պեսիմիստ բժիշկ Սալամբեկյանն այժմ, կարծես, բոլորովին յուր հայացքը փոխել էր կյանքի մասին։ Հիվանդներին ընդունելուց և այցելելուց հետո, նա յուր ամբողջ ժամանակը նվիրում էր տնային պարապմունքներին։ Նա օրինակելի ամուսին էր և հոգատար, մինչև անգամ մանրակրկիտ տանտեր։ Մի րոպե հանգիստ չէր նստում յուր տեղը, միշտ զբաղված էր մանր-մունր գործերով։ Հոգեկան փոփոխությունն ազդել էր և նրա մարմնի վրա։ Այժմ նա դեմքով առողջ էր, զվարթ, մինչև անգամ աչքի ընկնելու չափ չաղացել էր։

Երբեմն նա այցելում էր Դիմաքսյանին և շատ ցավում էր, որ յուր ընկերը ենթարկված է ընդհանուր հալածանքի։ Բացարձակ չէր ասում, բայց մտքում սկսել էր մի փոքր