Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/548

Այս էջը հաստատված է

վտանգի, ահա այդ անմեղ, սիրուն և քնքուշ էակներին…

«Մայրի՛կ, ինչո՞ւ ես լալիս»։

Տեսնելով նույն պահին ներս վազող Թամարին, Գայանեն շտապով երեսը դարձրեց, աչքերը սրբեց և աշխատեց ժպտալ։ Փոքրիկ աղջիկը զգաց նրա կեղծիքը և կրկնեց յուր հարցը, բայց պատասխան չստացավ։

— Մայրիկ, ե՞րբ պետք է գնանք,— ասաց նա, մի փոքր լռելուց հետո։

— Ո՞ւր։

— Հայրիկի մոտ։

— Երբ որ դու կամենաս։

— Ես ուզում եմ հենց հիմա։

— Գնա, եթե ուզում ես։

— Դու էլ կգա՞ս մեզ հետ։

— Ո՛չ:

— Ինչո՞ւ։

Մայրը չիմացավ ինչ պատասխաներ:

— Մայրիկ, ինչո՞ւ դու այստեղ ես մնում։

— Ես… մնում եմ… հյուր եմ…

— Այդքան ժամանակ հյուր կլինե՞ն։

Մայրը կամեցավ սաստել աղջկան, որ, վերջապես, դադարի այդ սիրտ մորմոքող հարցերը տալուց։ Բայց նայեց նրա մանկական անուշ հետաքրքրությամբ լի աչքերին և մի սուր ցավ զգաց յուր սրտում։ Ոչինչ չէր կարելի անել, մատաղ սրտում արդեն կասկածը արմատ էր գցել։ Պարզ էր, որ այդ փոքրիկ գլուխը զբաղված է յուր մոր վիճակով և բնազդմամբ հասկանում է այդ վիճակը։

«Աստված իմ, աստված իմ— ասաց մտքում Գայանեն, ձեռը Թամարի ուսին դրած, աչքերը վեր բարձրացնելով,— ուժ տուր ինձ, որ կարողանամ այս ցավին դիմանալ…»։



XIV


Այն բոլորից, ինչ որ Դիմաքսյանը խորհել էր Գայանեին յուր սիրտը պարզելուց առաջ, այժմ մնում էր մի միտք թե պետք է հեռանա և չի կարող չհեռանալ Թիֆլիսից։