Օր օրի վրա նա յուր կառավարչից սպասում էր փողի։ Յուր հետ բերած փողերից այժմ նրա մոտ համարյա ոչինչ չէր մնացել, թեև բերել էր բավականաչափ գումար։ Յուր վրա նա առհասարակ ծախսում էր շատ քիչ, բայց այս անգամ ունեցավ արտաքո կարգի ծախսեր։ Նրա տեսչության ժամանակ դպրոցից արտաքսված աշակերտները աղքատ վիճակի մեջ էին, բացի մեկից, որ գործակատարի պաշտոն էր գտել մի վաճառականի մոտ։ Չորս աշակերտի նա տվեց ճանապարհածախս և ուղարկեց հայրենիք։ Իսկ հինգերորդը — Մարաքյանը, այն ընդունակ աշակերտը, որին նա ամենից ավելի էր սիրում, ո՛չ ուզում էր հայրենիք վերադառնալ և ո՛չ էլ միջոց ուներ քաղաքում ապրելու։ Նա այնքան ինքնասեր էր, որ ամաչում էր վռնդված աշակերտի անունով ներկայանալ յուր ծնողներին։ Նա ուզում էր անպատճառ, ինչպես և իցե, ուսումը շարունակել, մինչև անգամ փափագում էր համալսարան մտնել և ասում էր, եթե այդ չհաջողվի — ինքնասպանություն կգործի։
Երբ Դիմաքսյանը անձամբ հարցուփորձ անելով այս բոլորը իմացավ, վճռեց օգնել այդ գյուղական ինքնակամ, կոպիտ, բայց ընդունակ երիտասարդին։
— Դու կստանաս բարձր կրթություն,— ասաց նա մի օր Մարաքյանին յուր տան,— ես քեզ վերցնում եմ իմ հովանավորության տակ։
«Բռի լոռեցին», ինչպես կոչում էին նրան ուսուցիչները, այնքան զգացվեց, որ նրա աչքերի մեջ ուրախության արցունք երևաց։ Դիմաքսյանը խորհուրդ տվեց գնալ Ռուսաստան։
— Այնտեղ դու կարող ես պատրաստվել մի տարի, գիմնազիական քննություն տալ և հետո մտնել համալսարան։ Աշխատիր իմ հույսերը արդարացնել։
Քիչ ժամանակ անցած Մարաքյանը ստացավ ճանապարհածախս և ամբողջ տարվա թոշակը, ուղևորվեց Օդեսա։
Վերջապես Դիմաքսյանը ստացավ կառավարչից սպասած նամակը և բարկացած խփեց մի կողմ։ Փող ուղարկելու փոխարեն Հաբիգյանը հաղորդում էր մանրամասն տեղեկություններ նրա գործերի մասին։ Միայն նամակի վերջում նա