նա անհամբերությունից բարկանում էր, որ ձիերը ուշ են փոխում։ Նա անընդհատ կաշառում էր կառավարներին շտապել և անդադար շտապել դեպի առաջ։
Երկու օրվա ճանապարհը նա այս անգամ կտրեց երեսուն ժամվա մեջ, գիշերը ոչ մի տեղ կանգ չառնելով։ Նա շտապեց մտնել հայրենի տունը։ Այստեղ այժմ բնակվում էր նրա մեծ քույրը — տիկին Մարթան յուր ընտանիքով։ Մռայլ և նիրհած տունը այժմ կենդանություն էր ստացել։ Օրը մինչև երեկո ընդարձակ պարտեզի մեջ թռչկոտում էին Մարթայի երեքից մինչև ինը տարեկան երկու զույգ երեխաները։ Փողոցի կողմի լուսամուտները բացվել էին, արևի կենդանացուցիչ լույսը առատորեն հոսվում էր ներս, դեպի մաքրված, նորոգված սենյակները։ Պատերը ծածկվել էին ուրախ գույնի պաստառներով, հատակները ներկվել էին, կահ-կարասին փոխվել։ Խոհանոցից լսվում էր ամանեղենի և պղնձեղենի ձայներ։ Ախոռատանը խրխնջում էր մի նժույգ, որ պատկանում էր Մարթայի ամուսնուն, լսվում էր Զատկի տոներին երեխաների համար բերված գառնուկների մլավոցը։ Մի նորատի հայ աղախին վազում էր երեխաներին սաստելու, որ պարտեզի ծաղիկները չփչացնեն։
Ամեն ինչ փոխվել էր, նորոգվել, զվարթացել։ Նույնիսկ պտղատու և անպտուղ ծառերը, կարծես, ավելի ուրախ էին նայում, գոնե այսպես էր թվում Դիմաքսյանին։ Պատշգամբի վրա այլևս չէր երևում այն հնամաշ փայտյա մեծ բազկաթոռը, որ միշտ միևնույն տեղն էր լինում և որի վրա նստում էր հանգուցյալ Մարգար աղան։
Դիմաքսյանը ներս չմտած առանձին-առանձին բռնեց յուր զավակներին, համբուրեց, այստեղ միայն հիշելով, որ պետք է այդ փոքրիկների համար նվերներ բերել։
Տիկին Մարթան նրան դիմավորեց, վազելով և ուրախ բացականչելպվ։
— Փառք աստուծո, փառք աստուծո…
Նա Արսենից երկու տարով մեծ էր, բայց դեռ պահպանել էր երիտասարդական թարմությունը, չնայելով յոթերորդ բերքին։ Նրա դեմքի բարի, հեզ արտահայտությունը և մուգ գույնի թախծալի աչքերը, մանավանդ կակուղ ձայնը հիշեցնում