Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/554

Այս էջը հաստատված է

քենակալին, նիհար դեմքով, չոր կազմվածքով մի բարձրահասակ մարդ էր, պարապվում էր վաճառականությամբ։

Ընտանեկան ճաշը անցավ բավական ուրախ, շնորհիվ Մարթայի ամուսնուն, որ անդադար խմում էր, սրախոսում, ծիծաղում և ծիծաղեցնում։

Իրիկնադեմին Դիմաքսյանը ծառային ուղարկեց Հաբիգյանին կանչելու։ Հայտնվեց, որ կառավարիչը գնացել է մոտակա գյուղերից մեկը և միայն վաղը պետք է վերադառնա։ Այժմ Դիմաքսյանը, հակառակ սովորականին, շատ հետաքրքրված էր յուր գործերի դրությունով, փափագում էր տեսնել կալվածները։



XV


Հետևյալ առավոտ նա նոր էր զարթնել, երբ ծառան հայտնեց Հաբիգյանի գալստյան մասին։

Ներս մտավ առողջ կազմվածքով, արևից այրված պղնձագույն դեմքով մի տղամարդ, մոտ երեսուն ու երեք տարեկան: Նա հագած էր կոշտ մոխրագույն կտորից կարած կարճ բաճկոն և երկայն կոշիկներ, որ ծածկված էին թանձր սպիտակ փոշիով։

Դիմաքսյանը ընդունեց նրան այն սենյակում, որ մի ժամանակ ծառայում էր Մարգար աղային։ Բոլոր հին կահ-կարասիներից այստեղ մնում էր միայն երկաթյա ժանգոտած սնդուկը, որի մեջ այժմ ոչինչ չկար։ Հաբիգյանը նոր էր վերադարձել գյուղից և ճանապարհի հագուստը չփոխված շտապել էր Դիմաքսյանի մոտ։

— Գնացել էի ապառիկներ ժողովելու,— ասաց նա, անմիջապես դիմելով գործին, ինչպես մի մարդ, որի համար ամեն մի րոպեն թանկ արժեր,— այսօր ուզում էի փոստով ձեզ համար փող ուղարկել, շատ լավ եղավ, ինքներդ եկաք։

Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, առաջարկելով խոսել յուր հետ «դու»-ով, ինչպես առաջ։

Արդարև մի ժամանակ նրանք ընկերներ էին և բավական մոտիկ ընկերներ։ Հաբիգյանը գյուղական քահանայի որդի էր, սկզբնական կրթությունը ստացել էր Դիմաքսյանի ծննդավայր