էր թե՛ զարմանք և թե՛ անհամաձայնություն ընկերոջ ասածին։
Կես ժամ անցած նրանք պտտում էին տան առջև տարածված պարտեզում: Այստեղ ևս նկատվում էին փոփոխություններ։ Ծառուղիները հարթվել էին, մաքրվել, կանոնավորվել, հնադարյան պարիսպը նորոգվել էր։ Երևում էին տեսակ֊տեսակ նոր տնկած ծառեր, բույսեր, ծաղիկներ։ Եվ այդ բոլորը Հաբիգյանի գործն էր։
Պարտիզպանը նույն մարդն էր, որ ծառայում էր Մարգար աղայի ժամանակից։ Այժմ ոչ ոք նրա վրա չէր գոռում, ոչ ոք չէր հայհոյում նրան, մանավանդ ծեծում, և նա ավելի սիրով էր աշխատում։ Նա ուրախ-ուրախ առաջնորդում էր յուր պարոնին ցույց տալով բոլոր փոփոխությունները։ Պարտեզը բացի գեղեցկանալուց և հարստանալուց, այժմ մի որոշ եկամուտ էլ տալիս էր, ավելացած պտուղները և մրգերը ծախվում էին մրգավաճառներին։
Մի ժամի չափ անցուդարձ անելով պարտեզում, նրանք գնացին քաղաքի կենտրոնական շուկան։ Այստեղ Դիմաքսյանը ուներ մի շարք խանութներ և մի քարվանսարա, ուր կանգ էին առնում քաղաք մտնող սայլերը և ֆուրգոնները։ Մարգար աղայի կենդանության ժամանակ խանութները կիսավեր դրության էին հասել, քարվանսարան քայքայվել էր, բակը պահվում էր կեղտոտ և միշտ լիքն էր ձիերի ու տավարի աղբի կույտերով։ Այժմ խանութների փլատակված պատերը նորոգվել էին, մաշված ծածկոցները և դռները փոխվել էին, ներկվել։ Քարվանսարայի բակը մաքրվել էր, քարով ծածկվել։ Հաբիգյանը ասաց, թե ուզում է շուտով այդ բակի շուրջը կառուցանել մի նոր երկհարկանի շինություն, վերևում բնակարաններ, ներքևում խանութներ։
Ճաշից հետո նրանք գնացին քաղաքի շրջակա այգեստանը։ Հաբիգյանը Դիմաքսյանին ընդարձակ քարաշեն դարպասով առաջնորդեց մի մեծ այգի։ Ծառերը նոր էին կանաչել, պարարտ երկիրը ղեռ խոնավ էր անցյալ գիշերը եկած անձրևից։ Խաղողի որթերը արդեն տերևներ էին արձակել և կանաչ սփռոցի պես ծածկել մի ընդարձակ տափարակ։ Հեռվում երևում էր մի շինություն կարմիր աղյուսից։ Իրիկնադեմի