Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/558

Այս էջը հաստատված է

արևի ճառագայթները լուսավորում էին նրա կանաչագույն երկաթյա եռանկյունի կտուրը։ Այս շինությունը նոր էր և կառուցվել էր գինիի ու օղիի գործարանի համար։ Դեպի ձախ երևում էր մի ուրիշ ավելի մեծ տափարակ խաղողի որթերով ծածկված։ Դիմաքսյանը հիշում էր, որ յուր հոր կենդանության ժամանակ այդ տարածությունը մնում էր անմշակ։ Այժմ Հաբիգյանը միացրել էր նրան մեծ այգիի հետ և սկսել շահագործել։

— Ահա ինչի վրա են փողերը ծախսվում,— ասաց կառավարիչը, Դիմաքսյանին առաջնորդելով աղյուսյա շինության ներսը։

Այստեղ դրված էին մի քանի պղնձյա նոր կաթսաներ։ Մի որմնադիր յուր օգնականի հետ շինում էր գործարանի վառարանները։ Դրսում լցված էին մի խումբ մշակներ, ոմանք հող էին փորում, ոմանք խաղողի որթերի համար ցիցեր էին տնկում։

Հաբիգյանը պատմում էր յուր ձեռնարկությունների մասին այն սառն դրական եղանակով, որ հատուկ է գործնական մարդուն։ Նա նկարագրում էր այն մոտիկ ապագան, երբ Դիմաքսյանի բոլոր կալվածների մշակությունը պիտի հասներ ցանկալի զարգացման և բարգավաճման։

— Դեռ շատ բան կա անելու, եթե միայն թույլ կտաս։ Գինեգործության համար անհրաժեշտ է արտասահմանից հրավիրել մի հմուտ վարպետ։ Ժամանակ է մեր թթու գինիներից ձեռք վերցնել: Ափսոս է մեր խաղողը, կարելի է նրանից տասը տեսակ խմիչքներ պատրաստել։ Ես ինքս ուրախությամբ կպարապվեի միայն գինեգործությունով։ Բայց աշխատանքի բաժանման մասին առայժմ մտածել չի կարելի, ուրիշ շատ գործեր ունեմ։ Պետք է մի շոգեշարժ աղորիք շինել։ Վարուցանք անելու և հնձելու համար վատ չէր լինի մեքենաներ բերել տալ։ Կարելի է այստեղ մի ուրիշ գործարան շինել միրգ չորացնելու համար։ Այս բոլորը փող է պահանջում, և դու ասում ես, որ ես ժլատ չլինե՞մ…

Օրն արդեն մթնելու վրա էր, երբ նրանք վերադարձան քաղաք։ Ամբողջ երեկո նրանք խոսում էին գործերի մասին։ Դիմաքսյանը երախտագիտաբար սեղմեց Հաբիգյանի ձեռը,