Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/568

Այս էջը հաստատված է

այն ժամանակ է ազդու, երբ կատարվում է հրապարակորեն։ Այդ կինը երբեք չի համարձակվիլ ուրիշին հաղորդելու ապտակի մասին, ուրեմն ինչո՞ւ արյունս պղտորեմ մի չնչին բանի համար։ Այո՛, մարդիկ շատ անգամ ոչինչ բանից իրանց համար տանջանք են ստեղծում։ Ճշմարիտ էր ասում հայրս, թե ինչքան քիչ մտածես վերքիդ մասին, այնքան նա քեզ քիչ ցավ կպատճառի…»։ Այո՛, այո, չմտածել, այլ ապրել է հարկավոր և միայն ապրել…»։

Հաճախ նա տեսնվում էր Վեքիլյանի հետ։ Նրանց հարաբերությունները շարունակվում էին առաջվա ուղղությունով, թեև զգալի էր, որ իրավաբանը յուր սրտում ամեն կերպ աշխատում էր թաքցնել մի տեսակ ատելություն դեպի յուր ընկերը։

Առավոտ էր։ Թեյի բաժակը առջևը դրած, Բարաթյանը կարդում էր օրվա լրագիրները, երբ ներս մտավ Վեքիլյանը բոլորովին անսպասելի։ Երբեք նա այդպես վաղ չէր այցելել յուր ընկերոջը։

— Ես եկել եմ մի անհետաձգելի և կարևոր գործի համար,— ասաց նա լուրջ ձայնով,— և այսպես վաղ եկա, որ քեզ տանը տեսնեմ։ Լսի՛ր, այրին ուզում է Պյոտր Սոլոմոնիչի կտակի դեմ դատ բաց անել։

— Մի՞թե,— արտասանեց Բարաթյանը անտարբեր։

— Ես այդ իմացա եթեկ գիշեր կլուբում։ Այնտեղ քեզ շատ պտրեցի, բայց չտեսա…

— Երեկ թատրոնից գնացի Կրուժոկ ընթրելու։ Ո՞ւմ միջոցով է ուզում դատ բաց անել։

— Փաստաբանի։

— Միթե կա՞ այնպիսի փաստաբան, որ այդ գործը հանձն առնի։

— Կան փաստաբաններ, որոնք ոչ մի գործից չեն հրաժարվում։ Այրին մի այդ տեսակ մարդու է դիմել։

— Աա՜,— արտասանեց Բարաթյանը անորոշ,— ուրեմն նա քո և Ամբակում Աֆանասևիչի դեմ վատ խա՞ղ է սկսում…

— Ինչո՞ւ միայն իմ և Ամբակում Աֆանասևիչի, գուցե և մի ուրիշի դեմ,— նկատեց Վեքիլյանր խորամանկությամբ։

Լուրը Բարաթյանի վրա վատ տպավորություն էր գործել,