իսկ իրավաբանի վերջին նկատողությունը ավելի վախեցրեց նրան։ Նորից նրա աչքի առջև պատկերացավ դատաստանի խայտառակ պերսպեկտիվը, նորից նա յուր անունը, պատիվը և վարկը տեսավ հասարակության բամբասանքին ենթարկված։
— Միթե տիկինը այդ բանը կանե՞,— հարցրեց նա, դեռևս կարողանալով զսպել յուր վրդովմունքը։
— Եթե չկամենա էլ, փաստաբանը անպատճառ կհամոզի նրան անել։
— Բայց կհաջողվի՞ նրան դատը։
— Դժվար է նախագուշակել. օրենսդրության մեջ կան այնպիսի բաց տեղեր, որոնք շատ անգամ ճարպիկ փաստաբանի ձեռքում հաջող գործիք են դառնում: Ես այդ դատից վախենում եմ։
— Վախենալով բան չի լինիլ, պետք է գործել։ Ինչ ե՞ս մտադիր անելու։
Վեքիլյանը մի քանի վայրկյան մտածեց, ապա դրական եղանակով պատասխանեց.
— Իմ խորին համոզմունքով, քանի որ գործը սկսված չէ, պետք է նրան խափանել։ Եթե այրին մինչև անգամ բոլորովին էլ դատը տանուլ տա, դարձյալ դատաստանական պրոցեսը վտանգավոր է։ Չեմ կարող ասել, թե նա ում նյութականին կվնասի, բայց թե բարոյական վնաս կունենա — դա անհերքելի է։
— Չեմ հասկանում ասածդ։
— Պետք է ասած,— շարունակեց Վեքիլյանը նույն եղանակով, որ այդ տեսակ գործերում շատ անգամ մի երրորդ, չորրորդ, մի չեզոք համարված մարդ ավելի է պատժվում,— բարոյապես եմ ասում,— քան թե դատին անմիջապես խառը մարդիկ…
Այս անգամ ակնարկը կարոտ չէր բացատրության, սակայն Բարաթյանը դարձյալ փորձեց չգիտցող ձևացնել և ասաց.
— Այո՛, քո ասածը ճիշտ է, այդ պատահում է, ուրեմն աշխատիր դատի առաջն առնելու…
— Ես կկամենայի, որ դու էլ մեզ օգնես այս գործում։