Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/57

Այս էջը հաստատված է

— Այդ մասին հետո,— ասաց տիկինը շեղակի նայելով Մարիամի երեսին,— գնանք ճաշելու, բավական է ինչքան քաղցած պահեցինք ձեզ:

Նա առաջ գնաց, և հյուրերը հետևեցին նրան դեպի սեղանատուն։

Ճարպիկ տանտիրուհին այնպես հմուտ կարգագրեց, որ ճաշի սեղանի մոտ Հալաբյանի մի կողմում իշխան Սահարունին նստեց, մյուս կողմում Նատալիան, դեմուդեմ Նիկողայոսը։ Իսկ Մարիամին և Ռուբենին հրավիրեց նստել յուր մոտ, առաջինի աջ ու ձախ կողմերում տեղավորելով Գաբոյին ու Լիզային։ Բայց... ապարդյո՜ւն ջանք։ Ամուրին սկզբից մինչև վերջ այնչափ ուշադրություն դարձրեց յուր հարևանուհու վրա, որչափ պատշաճ էր անքաղաքավարի չլինելու համար։ Ամեն մի հաջող վայրկյանից օգուտ քաղելով, նա Նատալիայի ուսի վրայով նայում Էր Մարիամին, որ զբաղված լինելով Գաբոյով ու Լիզայով, չէր նկատում նրա համառ հայացքները։

Տիկին Սոփիոյի սիրտը խռովեց, այլ նա չհուսահատվեց։ Աչքով արավ իշխանին, որ կենացներ առաջարկի։ Այս ևս չօգնեց: Ո՛չ նորին պայծառափայլության յուրաքանչյուր բաժակի վերաբերմամբ արտասանած սովորական խոսքը, ո՛չ տիկնոջ և Նիկողայոսի անսովոր հարգանքը չգրավեցին Հալաբյանին։ Լուռ էր նա և եթե խոսում էր, միայն հարկից ստիպված։

Ճաշը ավարտվեց։ Տիկին Սոփիոն հյուրերին հրավիրեց դահլիճ, որ Սադափյանների տասնուերկու սենյակների մեջ ամենահարուստ զարդարվածն էր։ Դեպի փողոց նայող հինգ բարձր և լայն պատուհանները սքողված էին թանձր ու ծանր մետաքսյա մուգ-կարմրագույն վարագույրներով, որ ծառաները նոր մաքրել էին և քարշ արել։ Մի անկյունում դրած էր տաճկական թախտը, մետաքսյա նրբանկար և ոսկեգործ կապերտով ծածկված։ Չինական ձևով մանր քանդակված և փղոսկրով դրվագած քանի մի աթոռակներ շրջապատել էին ոսկեհյուս բարձերով զարդարուն թախտը։ Մի այլ անկյունում դրած էր ավելի մեծ մի թախտ, զարդարված բուն պարսկական ճաշակով։ Դեմուդեմ մի անկյունում մորենագույն թավիշով ծածկված եվրոպական բազկաթոռները և բազմոցներն