նրա սիրտն էր մորմոքվում: Պետք է վերջ տալ այդ վիճակին, դժվար է, անհնարին է երկար ապրել այդ անորոշության մեջ։
Եվ ոչ մեկը չէր կարողանում նրան մի որոշ ելք ցույց տալ։ Տիկին Սալամբեկյանը ճգնում էր ամեն կերպ մխիթարել նրան։ Աշխատում էր համոզել, թե չպիտի շատ փափկասիրտ լինել, թե երեխաներն իրանց հարազատ հոր մոտ պետք է գնան և ոչ թե օտարի, թե Գայանեն նրանց դարձյալ կտեսնի և այլն, և այլն…
Երբեմն նա փորձում էր մինչև անգամ ամաչացնել Գայանեին, կպչելով նրա ինքնասիրությանը։
— Չգիտեմ, ինչպե՛ս ես համարձակվում ուսումնարան բաց անել՝ ուրիշների երեխաներին կրթելու, երբ քո սիրտը միայն քո զավակներին ես նվիրել։ Ոչ, դու եսասեր ես, թույլ ես, դու չես կարող դաստիարակ լինել…
Այս խոսքերը զուր չէին անցնում, ազդում էին Գայանեի վրա։ Նա սկսեց մտածել, որ իրավ ինքը չափազանցության է հասցնում յուր մայրական սերը։ Այո՛, պետք է վերջապես զսպի յուր զգացումները հենց նույնիսկ յուր զավակների ապագայի մասին պարզ մտքով խորհելու համար։ Եվ ահա նա ինքն յուր մտքում աշխատում էր հաշտվել նույնիսկ ծայրահեղ թշվառության հետ։ Նա երևակայում էր ամենամեծ դժբախտությունը, այն է, որ ինքն իբրև թե բնավ զրկված է երեխաներից։ Ի՞նչ պետք է անել, չէ՞ որ կան մայրեր, որոնք թաղել են իրանց բոլոր զավակներին. հապա ինչպե՞ս են նրանք կրում իրանց վշտերը։ Վերջապես, ինչո՞ւ հուսահատվել, խոմ այդ երեխաները պետք է մեծանան, պետք է հասկանան իրանց դրությունը։ Այն ժամանակ նրանք իրանց կամքով կգան իրանց մոր մոտ… Այո', պետք է ապրել նրանց մի օր բախտավոր տեսնելու համար…
Այս խորհրդածությունները հետզհետե ամրացնում Էին նրա հոգին։ Նա վճռեց արիությամբ սպասել ամեն տեսակ հարվածների։ Ահա ինչու երբ, վերջապես, Բարաթյանը ծառային ուղարկեց երեխաների հետևից, նա շատ էլ չհուսահատվեց։ Նա խնդրեց բժիշկ Սալամբեկյանին մի անգամ ևս միջամտել։ Թող Բարաթյանը թույլ տա Թամարին հանձնել