Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/575

Այս էջը հաստատված է

Մի քանի օր անցած Գայանեն Սալամբեկյանների հետ ուղևորվեց ամառանոց։ Այժմ նա այլևս չէր մտածում ապագայի մասին։ Նա երջանիկ էր, որ երեխաներին անորոշ ժամանակով իրան էին հանձնել։ Իսկ հետո՞… հույս աներ այլևս հավիտյան չբաժանվել նրանցից…


XVIII


Ամառվա ճիշտ այն միջոցն էր, երբ յոթ տարի առաջ Դիմաքսյանը Թիֆլիսի փողոցներն ընկած յուր համար բնակարան էր փնտրում։

Քաղաքը կիսով չափ դատարկվել էր, բոլորը քիչ թե շատ միջոց ունեցող ընտանիքները հեռացել էին ամառանոցները։ Կյանքը թմրել էր, փողոցներում շարժում չէր երևում։ Օրը մինչև երեկո մարդիկ արևի տապից պատսպարվում էին իրանց տներում, խանութներում։ Շրջակա լեռների ու դաշտերի խոտը չորացել էր, դեղնել ու կպել երկրին։ Քուռ գետը փոքրացել էր, մեղմվել, մտել յուր նեղ շավիղի մեջ և ընթանում էր մռայլ ու դանդաղ։ Տխուր ու ճնշող տպավորություն էր անում առհասարակ քաղաքն յուր տեսքով։ Երեք կողմից շրջապատված մերկ լեռներով, կարծես, պարփակված լիներ մի եռանկյունի կաթսայի մեջ, ուր մարդիկ դատապարտված էին տապակվելու հեղձուցիչ մթնոլորտում։

Միայն երեկոյան մութը ընկնելիս օդը մի քիչ թեթևանում էր։ Այդ ժամանակ բնակիչները տներից թափվում էին դուրս, քաղաքը փոքր-ինչ կենդանանում էր։ Այգիները լցվում էին, փողոցներում սկսում էր շարժում, ձիաքարշի կառքերը անդադար անցնում էին այս ու այն կողմ ուղևորներով լի։ Եվ այդ շարժումը տևում էր մինչև ուշ գիշեր, այնուհետև քաղաքը նորից նիրհում էր մինչև հետևյալ երեկո։

Մսերյանը ոչ մի տեղ չգնաց ամառելու։ Նա անբաժան բնակվում էր յուր առաջվա բնակարանում։ Օրերը նրա համար անցնում էին միատեսակ, ձանձրալի, տխուր։ Ցերեկը երկու երեք ժամ լինում էր յուր պաշտոնատեղում, հետո գալիս էր տուն, ճաշում, քնում և շարունակ կարդում։

Երեկոները որոշյալ ժամին նա դուրս էր գալիս զբոսնելու: