— Ինչո՞ւ ոչ քո բնակարանը։
— Որովհետև շատ կարճ ժամանակով եմ եկել։
— Այն ժամանակ ինձ մոտ կիջևանեիր։
— Դու էլ չպիտի մնաս այստեղ։ Բայց այդ դեռ թողնենք։ Պատմի'ր ինձ, ի՞նչ կա այստեղ, ի՞նչ են խոսում մարդիկ, ի՞նչ գործի են։
Մսերյանը համառոտ պատասխանեց, թե նրա գնալուց հետո ոչինչ փոփոխություն չի եղել, մարդիկ նույնն են, ինչ որ առաջ, հասարակական կյանքը դարձյալ թմրել է, մտքերի կռիվ չկա, վերջապես ամենքը ցրվել են ամառանոցները։
— Մինչև անգամ բժիշկ Սալամբեկյանն էլ,— ավարտեց նա յուր խոսքը մի անսովոր եղանակով, որի մեջ զգացվում էր մի տեսակ դառն հեգնություն։
— Բժի՞շկը,— կրկնեց Դիմաքսյանը և մի փոքր լռեց, ապա ավելացրեց,— երևի նա այժմ բախտավոր է…
— Պետք է կարծել…
Նրանք լռեցին։ Մսերյանը դարձյալ հառաչելով երեսը մի կողմ դարձրեց։ Նույն վայրկյանին նա ձեռով մի շարժում գործեց, կարծես, մի միտք իրանից հեռացնելու համար:
— Աա՛, մոռացա ասել,— գոչեց նա նորից զվարթանալով,— ես մի ուրախալի նորություն եմ իմացել:
— Այն է՞։
— Որ գավառներում մեծ հարգանք ես վայելում:
— Ինչպե՞ս, միթե դու գնացել էիր գավառնե՞րը:
— Ոչ, ես այստեղ իմացա։ Կա այստեղ մի փոքրիկ պարտեզ, ուր մի գերմանացի գարեջուր է ծախում։ Երբեմն ևս երեկոները գնում եմ այնտեղ կես ժամ, մի ժամ նստելու։ Դա մի տեսակ ամառային կլուբ է, ուր մեծ մասամբ հավաքվում են գավառներից եկած վարժապետներր։ Ի՜նչ խեղճ կերպարանք ունեն այդ մարդիկ և ինչպե՜ս շատախոս են։ Շատ անգամ հեռվից լսում եմ նրանց խոսակցությունը, չկարծես հետաքրքրությունից դրդված, այլ որովհետև այդ մարդիկ միշտ բարձր ձայնով են խոսում։ Երևակայի՛ր, հազիվ է պատահում, որ նրանք քո անունր չհիշեն, քո դրածների մասին չվիճեն: Ես միշտ նկատել եմ, որ նրանք քո