— Ի՞նչի մասին։
— Օօ՛, մի՛ վախենար, այժմ ես առաջվա պես չեմ մտածում, այժմ իմ բոլոր մտքերը կենտրոնացած են մի բանի վրա՝ շտապել շուտով այնտեղ, ուր խոսք եմ տվել գնալու։ Ահա՛, դու արդեն պատրաստվել ես, դե՛հ, գնանք, կարող ես ուշանալ։ Բայց սպասի՛ր, քեզ մոտ հյուր եմ բերել, կարծում եմ, դժգոհ չես լինիլ…
Այս ասելով, նա բաց դռներով գլուխը դուրս բերեց դեպի կորիդոր և ձայնեց.
— Արի՛, արի՛ նե՛րս…
Նույն վայրկյանին երևեցավ Սիրականը՝ գդակը ձեռին, մաքուր հագուստով։ Նա լուռ գլուխ տվեց և կանգնեց դռների մոտ։ Դիմաքսյանը, ուրախ և բարեկամաբար ժպտալով, հարցրեց նրա առողջության մասին, և ձեռը խփելով նրա ուսին, ասաց.
— Չկարծես քեզ մոռացել էի, մտադիր էի կայարան գնալիս կառքը կանգնեցնել, քեզ դուրս կանչել և «մնաս բարև» ասել։
Սիրականի կլորիկ աչքի մեջ ցոլաց անչափ ուրախության փայլը, բայց և նույն վայրկյանին նրա դեմքը ծածկվեց տխրության քողով։ Երկու ու կես ամիս էր նա չէր տեսել յուր սիրելի պարոնին, այժմ տեսնում էր մի քառորդ ժամ և, ով գիտե, գուցե այնուհետև այլևս չպիտի տեսներ։
— Դե՛հ,— գոչեց Մսերյանը, նույնպես դառնալով ծառային,— մի ամաչի՛ր, ղոչաղ կաց, հայտնիր խնդիրդ, նա կկատարե։
Սիրականն ամաչելով և տատանվելով մի քայլ առաջ դրեց և հայտնեց յուր խնդիրը։ Բանն այն էր, որ նա, Մսերյանից տեղեկանալով Դիմաքսյանի գալստյան մասին և նույնպես այն, թե այսօր ճանապարհվում է, առավոտյան կանուխ հագնվել էր և եկել իդեալիստի մոտ։ Նա չէր ուզում ծառայել յուր այժմյան պաշտոնում և խնդրում էր, որ Մսերյանը նրան յուր հետ տանի Դիմաքսյանի հայրենիքը և այնտեղ բարեսիրտ պարոնի կալվածներում մի պաշտոն հանձնի նրան։ Իսկապես նրա բուն ցանկությունն էր ծառայել անձնապես միմիայն Դիմաքսյանին, որին նա այնքան ընտելացել