Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/598

Այս էջը հաստատված է

հետ: Նրա վեպը կենդանի իլյուստրացիա է մեր կյանքի բացասական կողմերի, մեր հուզմունքների և իդեալների» (N 9, էջ 1067):

Կուսիկյանը հաջողված է համարում Բարաթյանի, Վեքիլյանի, Գայանեի, Աննայի կերպարները։ Նա վեպում տեսնում է նաև լուրջ թերություններ, աղոտ է համարում օր. Կարինյանի կերպարը, բացասաբար է խոսում Արսեն Դիմաքսյանի մասնավոր վարքի մասին. «Դիմաքսյանը մերն է իր իդեալներով, բայց նա օտար է և բացառիկ իր մասնավոր և հասարակական վարքի էական արտահայտություններով» («Մուրճ», 1899 թ., № 7, էջ 871):

Ուշագրավ է նաև հեղինակի կարծիքը վեպի մասին։ «Իմ երիտասարդ և պատանի արվեստակիցներին» հոդվածում, 1934 թ. նա գրել է. ««Արսեն Դիմաքսյան»-ի թերություններն անմիջական տպավորության տակ գրված լինելու արդյունք են, և եթե ես մի տասը տարի հետո գրեի, վեպը մեծապես շահած կլիներ» («Երկերի լիակատար ժողովածու», հ. 9, էջ 507, 1955 թ.):

«Արսեն Դիմաքսյանը» 1893 թ. հրատարակությունից հետո լույս է տեսել 1903 թ.՝ Երկերի ժողովածուի 3-րդ հատորում, 1930 թ. Երկերի ութհատորյակի 3-րդ հատորում և 1950 թ.՝ Երկերի լիակատար ժողովածուի 3-րդ հատորում: Հայպետհրատը վեպն առանձին գրքով լույս է ընծայել 1957 թ.: Ռուսերեն տպագրվել են միայն վեպի առանձին հատվածները՝ «Армянские Беллетристы» ժողովածուի մեջ:

Տարբեր հրատարակությունների միջև կան չնչին տարբերություններ, տպագրվում է ըստ ութհատորյակի տեքստի։


ՀՐ. ԹԱՄՐԱԶՅԱՆ