Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/61

Այս էջը հաստատված է

թափված արջ, լա՛վ պտուղ ես ուզում քաղել մաշված թաթերովդ: Նու՜, բարեկա՛մ, Մարիամը քո հավասարը չի... Եթե վճռել ես իսկապես հիմարանալ, ահա Նատալիան, նրանից լավին արժանի չես»։

Անցնելով փողոցի մեկ մայթից մյուսի վրա, նա ավելացրեց։

«Այո՛, Նատալիան, ես Սոփիոյի միտքը հասկանում եմ այժմ, թե ինչու նա ինձ խնդրում է շուտ-շուտ այդ մարդուն նրա տունը տանել։ Էէ՜, իշխան Սահարունի, կարծեմ ազնվական արյունդ չի պղտորվիլ, եթե քրոջդ աղջկա համար մոցիքուլություն անես... Տրալլա, տրալլա տրալլալալա... տխմար է նա, որ մահմեդական չէ և ամուսնանում է...»

Մի քանի րոպեից հետո մի սիրուն կառք իշխանին հասցրեց քաղաքի հետ ընկած փողոցներից մեկը։ Կար այստեղ մի փոքրիկ տուն, ուր մեկը անհամբեր սպասում էր նրան և որին իշխանը ն ո մ ե ր ե ր կ ր ո ր դ էր անվանում։


V

Երեք օր շարունակ Սադափյանների տանը տիրում էր մի անլուր խռովություն։ Տիկին Սոփիոն չէր խոսում ո՛չ Մարիամի և ո՜չ Ռուբենի հետ, կամ խոսում էր, երբ միայն անհրաժեշտ էր, ակամա, կոշտ եղանակով, առանց նրանց երեսին նայելու։

Չարակամությանը հանգիստ չէր թողնում։ Ի՞նչ, յուր սեփական տանը ամեն օր, ամեն ժամ աչքի առաջ ունենա մի կենդանի խոչընդոտ յուր դստեր բախտին, և կարողանա՞ սառնարյուն մնալ։ Պետք է դուրս վռնդել այդ աղջկան էլ ու նրա եղբորն էլ։ Այնպես վռնդել, որ նրանք իմանան, թե ինչ ասել է առանց հարուստ ազգականների օգնության ապրելը։ Այն ժամանակ Մարիամը այլևս չի հանդգնիլ յուր գլխից բարձր մարդկանց մասին երազել։

«— Հա հա հա,— դառն ծիծաղում էր տիկինը յուրովի, հարուստ մարդու կնիկ է ուզում լինել։ Դեռ կոտրատվում էլ է... Նիկոն էլ ասում է, թե նա չի հավանում Հալաբյանին... Չի հավանո՞ւմ, հա հա հա... ո՞ւմ, ո՞վ...»։