հասակում արդեն անցել է կյանքի այն դպրոցը, ուր դու և ես դեռ նոր պիտի մտնենք…
Մարիամը կանգնած էր պատի տակ և դեռ նայում էր դռներին, որտեղից դուրս գնաց Մելիք-Բարսեղյանը։ Թվում էր, որ նրան զարմացրեց երիտասարդի այդպես շուտ հրաժեշտ տալը և առհասարակ վարմունքը։
— Նստի՛ր,— շարունակեց Ռուբենը,— նստիր, Մարիամ, և սառնասիրտ լսիր: Այսօր ճաշից հետո ես առաջին և վերջին անգամ վճռականապես խոսեցի մեր հորեղրոր հետ:
— Խոսեցի՞ր,— կրկնեց Մարիամը մեքենաբար և նստեց սեղանի մոտ,— ի՞նչ իմացար։
— Իմացա, որ դու զրկված ես քո օժիտից, որ մենք չքավոր ենք… Լսո՞ւմ ես, մենք չքավոր ենք…
— Ես այդ վաղուց գիտեի,— պատասխանեց օրիորդը մի այնպիսի սառնությամբ, որ միանգամայն զարմացրեց Ռուբենին։
— Ի՞նչ, դու գիտեիր և ինձանից թաքցնում էիր:
— Ես չէի կամենում քեզ հայտնել, դու տաք բնավորության տեր ես, գիտեի, որ այդ լուրը քեզ վրա շատ վատ տպավորություն պիտի անի։ Այո, մենք աղքատ ենք և վաղուց։
— Ուրեմն դու գիտե՞ս, որ մեր հորեղբոր գործերը ձախ են գնում, որ նա պարտքերի տակ է ընկել, որ նա զոհել է յուր խոշոր ձեռնարկություններին մեր հայրական ժառանգությունը:
— Նրա գործերի ձախորդության մասին ես ոչինչ չեմ լսել։ Բայց թե մեր հայրական ժառանգությունը ցնորք է, այդ ինձ վաղուց է հասկացրել տիկին Սոփիոն։ Ահա, Ռուբեն, ինչու համար էի քեզ ասում այն օրը, որ դու նախքան արտասահման գնալը, խոսես այս մասին մեր հորեղբոր հետ։ Ուրեմն նա պարզ հայտնե՞ց քեզ ամեն ինչ…
— Համարյա թե— նա ինձ ոչինչ չասաց, ասաց միայն, թե փողի սաստիկ կարոտություն ունե, թե ստիպված է ծախսերը պակասեցնել։ Մնացյալը ինձ պատմեց այսօր իրիկնադեմին նրա գլխավոր գործակատարը։ Մի տարի է, որ սկսել է պարտքեր վերցնել։ Երեք ամիս սրանից առաջ, կնոջից