Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/83

Այս էջը հաստատված է

— Ահա և մեր նոր Պաղեստինը ասաց Ռուբենը, ընկերոջը առաջնորդելով բնակարանը։— Այս իմ սենյակս է, մյուսն էլ Մարիամինն է։ Երկու սենյակ և այս փառավոր կահ-կարասին ամսական տասն ռուբլով, կարծեմ թանկ չի, հը՞։ Մարիա՜մ,— գոչեց նա դեպի մյուս սենյակի կողմը դուրս եկ, տես ո՛վ է եկել մեզ շնորհավորելու։

Մինչ Մարիամի երևալը, Մելիք-Բարսեղյանը դիտում էր յուր տեսածը։ Առաստաղը քաշ, պատերի պաստառը տեղ-տեղ պատառոտված, տեղ-տեղ կեղտից սևացած, հատակի ներկը մաշված, դռները փոքր և միայն մի պատուհան — ահա Ռուբենի սենյակի տեսքը։ Մի քանի կիսամաշ վիեննական աթոռներ, մի հասարակ սեղան, որի վրա անկարգ-անկանոն սփռված էին Ռուբենի գրքերը, և մի անկյունում մի փայտե անկողնակալ — ահա այդ սենյակի կահ-կարասին։

— Ների՛ր,— ասաց Ռուբենը,— դեռ կարգի չենք բերել։ Առավոտից մինչև հիմա սրբում էինք, լվանում, հավաքում,— էլի չկարողացանք վերջացնել։

Մինչ բժշկի մի բառ արտասանելը, մյուս սենյակից դուրս եկավ Մարիամը։ Օրիորդը հագած էր յուր հասարակ տնային հին հագուստներից մինը, թևերը մի փոքր հետ ծալած, կրծքին կապած մի կապույտ գոգնոց և գլխին մի կապույտ թաշկինակ։

Գուցե Մելիք-Բարսեղյանը յուր կյանքում այնքան ապշած չէր, որքան այժմ, երբ տեսավ երեկվա փարթամության մեջ ապրող քնքուշ օրիորդին այսօր մի հասարակ աղախնի վիճակում։ Նա այնքան շվարեց, որ մոռացավ անգամ բարևել օրիորդին, մնաց անշարժ կանգնած միևնույն տեղում։

Շփոթվեց նույնպես և Մարիամը։ Որքան և նա աշխատել էր անվրդով մտնել յուր նոր կյանքի ասպարեզը, որքան նա նախապատրաստել էր իրան անխռով սրտով ընդունել բժշկին, չկարողացավ, սակայն, սառնարյուն տանել այդ ծանր րոպեն։ Նա կարմրեց, գլուխը անորոշ շարժեց, իբրև բարևելով յուր հյուրին, և նույնպես մնաց տեղն ու տեղը կանգնած։

— Եթե երազումս անգամ տեսնեի, կսարսափեի,— գոչեց Մելիք-Բարսեղյանը, սթափվելով, և մոտեցավ, որ